Հայաստանում 2025 թվականին հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի շուկայում անկում է արձանագրվել։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, անշարժ գույքի հետ կապված գործարքները նվազել են 6.9 տոկոսով, Երևանում՝ ավելի քան 13 տոկոսով։ Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Արսեն Ավետիսյանի խոսքով, սակայն, արտասովոր ոչինչ չկա՝ հունվար և փետրվար ամիսներին գործարքները միշտ են պասիվ։
NEWS.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները ճիշտ գնահատելու համար պետք է հասկանալ, որ շուկան երեք սեգմենտից է կազմված, իսկ Կադաստրի կոմիտեի վիճակագրության մեջ դրանցից մեկը չի երևում։ Նա նշեց, որ առաջին սեգմենտը գնման իրավունքի հատվածն է, և քանի դեռ սեփականության իրավունքի օտարում չի եղել, մեծ թվով գործարքներ դուրս են մնում վիճակագրությունից։
«Անցած տարի 12 հազար 836 գործարք է գրանցվել, ինչը շատ մեծ թիվ է նախորդ տարիների համեմատ։ 2024 թվականի երկրորդ կիսամյակում ցուցանիշը երեք անգամ բարձր է եղել առաջին կիսամյակի ցուցանիշից. առաջին կիսամյակում Երևանում մոտ 3400 գործարք ենք ունեցել, 2-րդ կիսամյակում՝ մոտ 9400»,–ասաց նա։
Անդրադառնալով գործարքների անկմանը Արսեն Ավետիսյանը նշեց, որ մայրաքաղաքում 13 տոկոս անկումը վերաբերում է երկրորդ և երրորդ սեգմենտներին, սակայն չբացառեց, որ տարեսկզբին որոշակի անկում եղել է նաև առաջին սեգմենտում, քանի որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումներով պայմանավորված շատերը շտապել են գործարքը կատարել 2024–ին։
Նա նշեց, որ երկրորդային շուկայում գործարքների անկման պատճառն այն էր, որ տարեվերջին բնակարան գնել ցանկացողները շտապեցին օգտվել ֆինանսական այն բոնուսից, որ տալիս էր եկամտահարկի վերադարձը։
Մանրամասները՝ տեսանյութում։











