Ես քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա ծովից ծով Հայաստան և բարեպաշտ մարդիկ, աստվածասեր մարդիկ, հայրենասեր մարդիկ ստանձնեն երկրի ղեկը: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք ծովից ծով դարձնելու Հայաստանը, նա պատասխանեց. «Աստված գիտի»:
Հարցին՝ քաղաքապետ դառնալը լծակներ տալի՞ս է, որ օրինակ Շուշին ազատագրենք, հետ բերենք կամ Արևմտյան Հայաստանի քաղաքները, նա ասաց. «Այսօր բոլորն ասում են, որ Գյումրիի ընտրությունը Ստալինգրադի ճակատամարտն է, այսինքն սա ճակատագրական է լինելու ՔՊ-ի համար: Գիտե՞ք, թե այսօր ինչքան գյումրեցիներ են եկել հատուկ ընտրության: Ամբողջ ազգը որ խառնվել է, ես հուսով եմ, որ եթե երկրի ղեկը ստանձնեն բարեպաշտ մարդիկ, հայրենասեր մարդիկ, շատ բան է փոխվելու, և Աստված օգնելու է բոլորիս:
Վաղը բացվելու է առավոտ և նորից մենք ապրելու ենք Գյումրիում, բոլորին կոչ եմ անում խաղաղության, հայրենասիրության, ոչ թշնամության: Եկեք չխելագարվենք քաղաքապետ դառնալու համար, համերաշխ լինենք, հանգիստ լինենք: Մեկ էլ այն ձեռնպահ մնացողներին, անտարբեր մնացողներին ես կասեի, որ անտարբեր չմնան, դա դավաճանության հետ համահունչ է»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքն ասել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն էլ պետք է ապաշխարի, Վարդան Ղուկասյանն ասաց. «Դուք էդտեղ մի մտեք, մենք իրար շատ լավ գիտենք, մենք իրար հարգում ենք, միասին մեծացել ենք, և ես իրավունք ունեմ այդ խոսքերը ասել»:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։











