Ճանապարհատրանսպորտային պատահարները միայն վարորդի մեղավորությամբ չեն տեղի են ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ես արդեն նշեցի, նաև հետիոտների մեղավորությունն է լինում, ուղևորների մեղավորությունն է լինում, և երթևեկության մասնակիցը, միայն վարորդը չէ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկած վարչապետի ավտոշարասյան մեքենայի վարորդը ևս կեղծ վարորդական վկայակա՞ն ուներ, նա պատասխանեց. «Վարչապետին ուղեկցող շարասյան վարորդները, հատուկ ձայնային լուսային ազդանշաններով կահավորված ոստիկանության մեքենաների վարորդները բավականին բարձր որակի պրոֆեսիոնալիզմ ունեցող վարորդներ են՝ երկարամյա փորձ ունեցող: Որպես էքստրեմալ պայմանների վարորդ, շատ մեծ փորձ ունեն ու բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են իրենք: Բազմաթիվ անգամ ենք մենք դրա մեջ համոզվել և ամեն օր են նրանք էքստրեմալ վարում տրանսպորտային միջոցները։

Այդ դեպքի առթիվ կա քրեական գործ, այնտեղ ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել բավականին մանրամասն, որպեսզի պարզեն՝ արդյոք վարորդը տեխնիկապես հնարավորություն ունե՞ր կանխել վթարը, արդյո՞ք վարորդի մեղավորությունը կար, արդյո՞ք վարորդին տրված ժամանակահատվածը ռեակցիայի համար բավարար էր, որ որ ինքը այնպիսի միջոցներ ձեռնարկեր, որ այդ դժբախտ դեպքը չպատահեր: Ես չգիտեմ արդյունքները ոնց են եղել և ուր է հասել այդ քրեական գործը:

Տեսեք, երբ վարորդը վարում է 60 կմ/ժամ արագությամբ և ինչ-որ մեկը հանկարծակի հայտնվում է մեքենայի առաջ, վարորդը պետք է այդ ժամանակը ունենա կանխելու համար, որովհետև մեկ վայրկյան վարորդին պետք է, որպեսզի իր ռեակցիան աշխատի, դա ֆիզիոլոգիական պահանջ է։ Մեկ վայրկյանի ընթացքում 60 կմ/ժամ արագությամբ արդեն դու 16 մետր գնացիր, մեկ վայրկյան հետո արգելակում ես, ևս մի 16 մետր գնում է, մինչև անիվները կանգնում են, անիվները կանգնեցին ևս մի 14 մետր կարող է մեքենան գնա արդեն սահքով: Այսինքն 60 կմ ժամ արագության պայմաններում մոտ 50 մետր տարածք է պետք, որպեսզի դու կանգ առնես։ Եվ եթե վարորդը այդ ժամանակը չի ունենում, այստեղ վարորդի մեղքը բացակայում է»,-ասաց Արմեն Խաչատրյանը: