Ցանկացած Արցախյան շարժման նպատակը պետք է լինի արցախցիների վերադարձի իրավունքը և մնացած բոլոր խնդիրները, որոնք որ ընթացքում պիտի լուծվեն, այդ թվում բոլոր սոցիալական խնդիրները պետք է ծառայեն մեկ նպատակի, որ արցախցիները մնան Հայաստանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Արմեն Պետրոսյանը:

«Արտագաղթի դեպքում Արցախի հարցը այլևս ակտուալ չի լինի։ Մենք տեսնում ենք, որ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղը ամբողջովին օկուպացված և հայաթափված է, բայց Արցախի հարցը դրանով փակված չէ: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ ջանում են, որպեսզի այդ հարցը փակեն։ Դա է հենց խնդիրը, որ մենք պետք է արցախցիներին պահենք Հայաստանում, որպեսզի այդ հարցը երբեք չփակվի»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպես կարելի է լուծել այդ հարցը, եթե Հայաստանում պետական մակարդակով այդ քաղաքականությունը չի տարվում, Պետրոսյանը պատասխանեց. «Հանրային ճնշում պետք է լինի, այս հավաքների միջոցով հնարավոր է դա կազմակերպել: Հայաստանի մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Արցախյան հարց գոյություն չունի, գոյություն ունի հայոց հարց, որտեղ Ղարաբաղյան խնդիրը այդ հարցի մի փազլն է, մի մասնիկն է: Եթե այսօր Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները չկանգնեն արցախցու կողքին, վաղը այդ նույն խնդրի առջև կանգնելու են իրենք և իրենց վերադարձի իրավունքի մասին պայքարելու են սյունեցիները, տավուշեցիները, վարդենիսցիները և այլն։

Հայաստանի ժողովուրդը Արցախի ժողովրդի հետ միասին պետք է հանրային ճնշում գործադրի իշխանությունների վրա, որ արցախցիների սոցիալական հարցերի խնդիրների լուծմամբ չթույլատրի, որ նրանք արտագաղթեն, այլ կարողանան որպես համայնք, որպես արցախցի սուբէթնոս մնան Հայաստանում: Որովհետև եթե Ադրբեջանը մեզ գենոցիդ է արել, ապա այստեղ մենք կանգնած ենք էթնոցիդի վտանգի առջև, մենք որպես տեսակ, որպես վերջին ուրարտացիներ կորչում ենք»:

Դիտարկմանը, թե որքանով է իրատեսական արցախցիների վերադարձը Արցախ, նա արձագանքեց. «Արցախցիների վերադարձը ես հասկանում եմ միայն հավաքական տեսքով, մասնակի վերադարձ չպիտի լինի: Մենք ցույց ենք տվել աշխարհին, որ Արցախի հայությունը Ադրբեջանի կազմում չի լինելու, չէ որ Արցախը միայն տարածքը չի, Արցախը արցախցիներն են:  Հիմա, եթե վերադարձի հնարավորությունը լինի, դա պետք է լինի հավաքական կազմով։

Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Մինսկի խմբի լուծարման համար, բայց չէ որ այդ նույն Մինսկի խումբը միջազգային մեխանիզմ է, որը կարելի է օգտագործել, ուժեղացնել արցախցիների հանրային հավաքական վերադարձը ապահովելու համար: Բացի դրանից, ո՞վ է ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լուծարվել է։ Կարելի է նույն այդ փաստաթուղթն էլ առաջ քաշել:

Որպեսզի արցախցիների հավաքական վերադարձը հնարավոր լինի, առաջին քայլը Հայաստանում իշխանափոխությունն է, ուրիշ տարբերակով անհնարին է, որովհետև այս իշխանությունն Ադրբեջանից ավելի շատ է շահագրգռված, որպեսզի վերջնականորեն Արցախի հարցը փակի»: