Այս պահին գործում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար միշտ շարք աջակցության ծրագրեր. Որոշակի փոփոխություններով շարունակվում է կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը, որը ապրիլի 1-ից արդեն ուղղված է առանձին խմբերի անձանց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ անձինք են, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները, անչափահասները, 63 տարին լրացած անձինք, կերակրողը կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք և 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։

«Մենք հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրել ենք 50,000 դրամ, ապրիլից հունիսը ներառյալ 40,000 դրամ կտրամադրենք իմ նշած անձանց, իսկ հուլիսից դեկտեմբերը ներառյալ 30,000 դրամ:

Կառավարությունը երեկվա նիստով ընդունեց ևս մեկ որոշում, որը կոչվում է ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում։ Որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանքը»:

Արտակ Հարությունյանը հստակեցրեց, որ քանի որ ապրիլի 1-ից որոշակի խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանալու կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցությունը, որոշակի անձինք դեռևս կարիք ունեն այդ աջակցության, օրինակ, բնակվարձի վճարումները կատարելու համար, ընդունվել է կառավարության վերջին որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է:

«Աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Շահառուները ընտանիքներն են, ոչ թե անձը: Եթե ընտանիքը իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ընտանիքը կդիտարկվի շահառու ընտանիք։

Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով,  մինչև դեկտեմբերը ներառյալ: Աջակցության չափը կլինի ընտանիքի համար 40 000 դրամ, որին կգումարվի հավելյալ ընտանիքի սկսած երկրորդ անդամից ևս 10 000 դրամ։

Օրինակ, եթե ընտանիքը բաղկացած է հինգ անդամից, կստանա աջակցություն 40,000 դրամ և սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ + ևս 40,000 դրամ, 80,000 դրամ»,- ընդգծեց նա: