Դա կախված է Միացյալ Նահանգներից՝ նրանք ուզում են բանակցե՞լ մեզ հետ, թե՞ իրենց ուզած լուծումը պարտադրել մեզ. եթե նրանք ուզում են ասել մեզ, որ մենք այլ տարբերակ չունենք, քան նրանց ասածը անելը, ապա արդյունքի հասնելու հնարավորություն չկա։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով նրան, որ Թրամփը սպառնում է Իսրայելի հետ միասին ռմբակոծել Իրանը, եթե միջուկային հարցով բանակցությունները ձախողվեն, շանս կա՞, որ կհաջողվի փոխընդունելի լուծում գտնել:

«Բայց եթե նրանք հասկանան, որ պետք է մեր ասածներից որոշներն ընդունեն, ապա, գուցե, հնարավորություն լինի հասնել համաձայնության։ Իրանը պատրաստ է պաշտպանվել։ Իրանն այն երկիրը չէ, որի տարածք կարող են ներխուժել կամ օդային ճանապարհով հարձակվել։ Գուցե նրանք կարողանան անել այն, ինչն Իսրայելն արեց անցյալ տարի, և մենք կպատասխանենք նրանց։ Բայց ես կարծում եմ, որ նրանք ի զորու չեն պարտադրել մեզ այն այն, ինչն ուզում են։

Մենք չենք պատրաստվում ընդունել պարտադրանքի լեզուն, և նրանք գիտեն դա։ Նրանք փորձեցին ուղիղ բանակցություններ սկսել Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց մենք նրանց պարտադրեցինք ոչ ուղիղ բանակցություններ, այն էլ Օմանում՝ մի երկրում, որտեղ նրանք չէին ուզում բանակցել։ Մենք նրանց պարտադրեցինք բանակցությունների վայրը և մեր պայմանները։ Մենք բավարար ուժ ունենք դա անելու համար»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Իրանը չի դիտարկում որեւէ զիջման գնալու տարբերակ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հնարավոր ռազմական հարձակումը, իրանցի միջազգայնագետն արձագանքեց. «Եթե բանակցությունները ձախողվեն, նրանք, գուցե, փորձեն ինչ-որ հարձակումներ սկսել Իրանի վրա, բայց մենք կարող ենք պատասխանել դրանց․ մենք ընկերներ ունենք տարածաշրջանում, և նրանք չեն կարող անել այն, ինչ ուզում են: Իսրայելը երկար ժամանակ ասում է, թե ուզում են հարձակվել և ոչնչացնել Իրանը։ Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա չեն անում դա։ Որովհետև գիտեն, որ մենք ունենք այնպիսի հրթիռներ, որոնցով կարող ենք հարվածել նրանց, ունենք տարբեր այլ զինատեսակներ և կարող են պատասխան հարված հասցնել, ընկերներ և հարևաններ ունենք տարածաշրջանում, որոնք դեմ են Միացյալ Նահանգների և Իսրայելի այս ամբարտավանությանը: Այնպես որ, Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն՝ այդ թվում իր բարեկամների օգնությամբ»:

Նա ընդգծեց, որ Իրանի պատասխանը կախված կլինի նրանից, թե ինչ են ուզում անել Իսրայելը և Միացյալ Նահանգները. «Իրանը հայտարարել է, որ իր վրա ցանկացած հարձակման դեպքում հակահարված կհասցնի հենց բուն օջախներին, որտեղից իր դեմ են հարված հասցրել։ Կարծում եմ՝ խոսքը հիբրիդային տեսակի հարձակման մասին է՝ խոսքը միայն ռազմական հարձակման մասին չէ։ Նրանք փորձում են թուլացնել Իրանի տնտեսությունը, գուցե փորձում են սպանել իրանցի որոշ պաշտոնյաների, մենք տեսնում ենք՝ ինչ քարոզչություն են տանում իրենց լրատվամիջոցներով:

Այսինքն՝ սա կոշտ ու փափուկ սպառնալիքների խառնուրդ է։ Մենք գիտենք, որ իրավիճակը բարդ է․ ավելի քան 40 տարի է՝ պատժամիջոցների տակ ենք, բայց պատրաստ ենք շարունակել ապրել այս վիճակում։ Նրանք չեն կարող անել այն, ինչ ուզում են, քանի որ մենք դրան հակազդելու միջոցներ, անհրաժեշտ զենք ու մարտավարություն ունենք»: