Տևական ժամանակ է արցախիցների նկատմամբ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց այս կառույցը մինչ այս պահը ոչ մի հստակ գործողություն չի արել: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Գլխավոր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից Տաթևիկ Խաչատրյանը։

Նա նշեց, որ դատախազությունը չի դատապարտել, օրենքի սահմանում չի պատժել ատելության խոսք  տարածողներին, ընդհակառակը՝ իր անգործությամբ այնպես է արել, որ ալիքն ավելի մեծանա, ահագնանա այն չափի, որ այսօր ստիպված են խոսել  հայաստանյան ու արցախյան հանրությունների միջև անհասկացվածության, նեղացվածության մասին։

«Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են  ինչ-որ թալանի մասին. երբ որ արցախիցները բարձրացնում են  իրենց խնդիրների մասին, ասում են՝ գնացեք, ձեր թալաչիներից պահանջեք: Խնդրում եմ ցույց տվեք այդ թալանչիներին և ուղարկեք համապատասխան մարմնի ներկայացուցիչներին այդ մարդկանց պատժեն, թալանը հետ վերադարձվի, ինչպես իրենց նախընտրական քարոզարշավում էին ասում:

Ես չգիտեմ ինչն է փոխվել, որ հասարակ քաղաքացուն ուղարկում են ինչ-որ թալանչիների բռնելու, նրանցից ինչ-որ փողեր վերցնելու: Եթե սա երկիր է, ինքն էլ ինչպես իրենք են սիրում ասել ժողովրդավարության բաստիոն, ապա  խնդրում եմ, գնացեք ձեր ինձ նշած թալանչիների հետևից, եթե իհարկե դուք այդ թալանի մաս չեք: Միակ պատճառն էլ դա է, որ մինչև հիմա թալանչիներ ասվածը ինչ-որ օդային խոսք է, այլ ոչ անուն-ազգանուններ, այլ ոչ քրեական գործեր:

Ամեն դեպքում մենք գիտենք ինչ նպատակով է սա արվում, սա ատելության այդ արկղի մեջ ևս մի կաթի ավերացնելու համար է, որ տեսեք, թալանել են, հիմա եկել են, մեզ են ուզում թալանել և այլ: Այսինքն, այս ամբողջը ատելության խոսքի շրջանակներում է։

Մենք, Արցախի և Հայաստանի հանրություններս, ազգությամբ հայերս, նշում ենք, որ մեզ համար ձեր ատելության քարոզը ոչ մի նշանակություն չունի, և այդ նպատակով քաղաքական ակցիա ենք անում և  ձեր այդ ամենազզվելի օրինակները պետական պաշտոնյաների կողմից ֆիքսված այս թղթի մեջ է և որպես մեր արձագանքը դրան, մենք պարզապես փուչիկի նման այն վերև ենք բարձրացնում և ասում, որ սա մեզ համար ոչ մի բան չի նշանակում»,- հայտարարեց նա:

Տաթեւիկ Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ սա չի նշանաում, որ ատելության խոսքը պետք է լռության մատնվի, դրա հետևից չպետք է գնալ. «Մենք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել ենք,  այսօր մի նոր փաթեթ ենք կազմել՝ ներկայացնելու դատախազություն։ Հույս ունենք, որ ռեալ աշխատանքով կզբաղվեն, կգնան այն պետական պաշտոնյաների, մերձիշխանական կլանի հետևից, ովքեր ազգամիջյան ատելություն են քարզում, ազգին բաժան-բաժան անում,  քանի որ տիրելու ձև չգիտեն։ Ժողովորդավարության մասին իրենց պատկերացումներն իրականության հետ կապ չունեն, այս մարդիկ չեն աշխատում, ցանկություն չունեն աշխատել ի շահ պետության։ Նրանց համար պայքարը միայն աթոռի, քաղաքական շահի համար է, ինչն անթույլատրելի է»,- նշեց ակցիայի մասնակիցը։