Ես կառաջարկեի Սամվել Բաբայանից հարցնեիք, ես ինչքան տեղյակ եմ, ծանոթացել եմ այդ գրառմանը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը տվել է հայտարարություն, որով հերքել է, թե մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե իր նախագահության ժամկետը լրանալու հետո Սամվել Բաբայանն է ուզում իր թեկնածությունն առաջադրել:
Անդրադառնալով լուրերին, թե ինքը որոշակի առնչություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, արդյոք ԱԱԾ տնօրենն իրեն ուղղորդում է, Սամվել Շահրամանյանն ասաց. «Ինչպես տեղյակ եք, ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել և մենք գործընկերային հարաբերություններ ունենք: Բացի դրանից, այդ հարաբերությունները ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների հանձնաժողովի ղեկավարը։
Խոսելով ենթադրյալ թալանի մասին, որի մասին հայտարարում են արցացխիների բողոքի ակցիայի մասնակիցները, նա նախ նշեց, որ անուններ չի կարող տալ, քանի որ հարուցված են քրեական գործեր, քննություն է ընթանում. «Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությանը: Երկուշաբթի ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ և կներկայացնեն հանրությանը։
Եթե ուժային կառույցները, ի դեմս Դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, դեմ չեն լինի նման հրապարակումներին, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել:
Մեր հասարակությունը շատ փոքր է, բոլորը բոլորի մասին տեղյակ են, և խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց ինքդ լինես այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար: Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարը արդար է՝ ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել իրենց»:











