Հայ գերիների ազատումը պետք է լիներ Ադրբեջանի հետ բանակցությունների պայմանը, բայց Հայաստանի իշխանություններն այս վիճակի շահառուներն են, քանի որ վախենում են, որ հայրենասերները կարող են վերադառնալ երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության նախկին ղեկավար Դավիթ Բաբայանն իր վերջին ուղերձում նշել է, թե ինչպես են իրենց խոսքերը խեղաթյուրվում ադրբեջանական լրատվամիջոցներում։ Թանդիլյանը նշել է, որ դա փակ նիստ է, որը լուսաբանում են ադրբեջանական պետականլրատվամիջոցները, եւ ինչ ուզում՝ վերագրում են յուրաքանչյուրին։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պայքարում է, որպեսզի նիստերին մասնակցեն միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որպեսզի աշխարհին տեղեկացվի, որ Բաքվում հայերին դատում են ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված արդար պայքարի համար։
«Նա երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին, ուստի մեղադրանքները, թե նա այնտեղ ականներ է դրել, անհեթեթ են»,- նշել է Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանն ահազանգում է նաեւ այն մասին, որ այդ դատական ֆարսը ուղղված է Հայաստանի դեմ, որպեսզի մեղադրի նրան այն բանում, որ նա իբր հակամարտության կողմ է եղել եւ իբր օկուպացրել է ադրբեջանական տարածքները։











