Ես ամենաչքաղաքականացված հոգևորականն եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Դիտարկմանը, որ ինքը քաղաքական քննադատություններ է հնչեցնում, նա ասաց. «Մի հարցրեք, չասեմ։ Սխալը եղել է երևի այն առաջին լրագրողը, որը առաջին անգամ քաղաքական հարց է տվել, որից հետո գնացել է շղթայական ռեակցիա:

«Ես ի՞նչ է, ասել եմ՝ ուզում եմ մարզպետ լինել, քաղաքապետ լինել, վարչապետ լինել, նախագահ լինել, կուսակցության առաջնորդ լինե՞լ: Նման հայտ ներկայացրե՞լ եմ: Ես ամենաարհեստավարժ, պրոֆեսիոնալ հոգևորականների թվին եմ պատկանում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Էստոնիայում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը Նիկոլ Փաշինյանին դիմելով դրական էր խոսել խաղաղության գործընթացը եւ ԵՄ-ին անդամակցելու ուղին ընտրելու մասին, Միքայել Սրբազանն ասաց. «Իշխանականները ծափահարեցին նրան, չասացին՝ ստոպ, Սրբազան, քաղաքական հայտարարություններ մի արեք: Ուրախացան, ծափահարեցին, իրենց սրտի հոգևորականին գտան ի վերջո: Վազգեն Սրբազանը մեր եղբայրն է, 40 և ավելի տարիների մտերմություն ունենք, բարեկամություն ունենք, անցած ճանապարհ ունենք, վաստակ ունենք, սայթաքումներ ունենք: Բայց 2018 թիվը եղել է ջրբաժան, մեր քաղաքական հայացքները բաժանվել են:

Բայց եթե օրինակ, ՔՊ-ն անկեղծ է, ինչպես որ չի ընդունում իմ քաղաքական հայտարարությունները, նույնպես պիտի չընդունի Վազգեն Սրբազանի քաղաքական հայտարարությունները, ասելով՝  Սրբազանի ի՞նչ գործն է, մենք ո՞ր ուղղությամբ կընթանանք՝  Եվրամիություն, թե դեպի Ռուսաստան, թե դեպի Չինաստան: Ուրեմն, յուրաքանչյուր քաղաքական կուսակցության եթե հարազատ բան ես ասում, դառնում ես իրենց սրտի հոգևորականը, երբ հակառակ բան ես ասում, անընդունելի հոգևորական ես։ Դրանից պետք է դուրս գանք:

Վազգեն Սրբազանը ճիշտ արեց, որ արտահայտվեց, որովհետեւ իրեն չեն ասի՝ «պարոն Միրզախանյան», չեն ասի «ստալինապաշտ տերտեր», չեն ասի «Կրեմլի գործակալ»: Մարդը ճիշտ որոշում կայացրեց:

Ես էլ խելք ունենայի, այդպիսի բաներ կասեի, ինձ էլ չէին ասի՝ «պարոն Աջապահյանը», չէին ասի «քայլող անտեղյակություն», «Կրեմլի գործակալ» ու «ստալինապաշտ տերտեր»:

Ինչ վերաբերում է նրան, որ Մայր Աթոռը Վազգեն Սրբազանին կոչ էր արել խոսքի մեջ զգույշ լինել, նա արձագանքեց. «Այո, պետք է խոսքի մեջ զգույշ լինել: Նույնը մեզ էլ են ասում, այնպես չի, որ մեզ չեն ասում: Ուղղակի բախտս բերել է, որ ինձ հայտարարության տեքստով չեն ասել:

Ոչ մի հոգևորական խնդիր չի տեսնում նրա մեջ, որ օրվա վարչապետին ինքը դիմավորել է, ողջունել է։ Եկեղեցին նման խնդիր չի տեսնում։ Տեղի առաջնորդը, տեղի պայմանները և որոշ հարցեր նկատի ունենալով, պատշաճ է նկատել, որ ողջունի, բայց այդ ողջունի բովանդակությունը պետք է հարիր լինի այն մոտեցումներին, այն եկեղեցական քաղաքականություն գծին, որը եկեղեցին դրսևորում է այսօրվա իշխանության նկատմամբ։ Այդտեղ շեղում է արձանագրվել: Այդ գիծը այն է, որ Եկեղեցին այսօրվա իշխանության նկատմամբ վերապահ կեցվածք ունի: Այո, այդ ողջույնի բովանդակության հետ ես էլ խնդիրներ ունեմ, բայց ես Մայրը Աթոռը չեմ։

Մի երկու խոսք էլ քննադատական ասա: Դա շատ նորմալ, շատ ընդունելի կլիներ:

Ես իմ մոտեցումը անձնապես էլ կասեի Վազգեն Սրբազանին, իսկ Նիկոլ Փաշինյանին ես չեմ բարևի, ձեռքը չեմ սեղմի, չեմ դիմավորի, իմ կեցվածքը սա է: Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հրաժարվելու առաջին հոգևորականը եղել եմ ես՝ 2020-ի դեկտեմբերի 7-ին: Ես ասել եմ՝ ինքը իմ վարչապետը չէ, և ես իր ձեռքը սեղմելու անհրաժեշտություն չունեմ»,- հայտարարեց նա: