ՔԿՀ-ներում մահվան դեպքերը տարբեր են, դրանց մի մասը բնական մահեր են պայմանավորված անձանց որոշակի հիվանդություններով, ցավոք սրտի մի մասն էլ ինքնասպանության դեպքեր են և դրա հետ կապված ակտիվ աշխատանքներ են հիմա կատարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Հարցի հասցեատերը և արդարադատության նախարարությունը և առողջապահության նախարարությունն է, և այդ է պատճառը, որ մենք ըստ էության ամենօրյա ռեժիմով միասին առողջապահության նախարարության հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք լուծել մարդկանց առողջության ապահովման և բժշկական սպասարկման խնդիրը։
Նուբարաշենում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանները բարելավվել են և նոր մասնաշենք է բացվել: Մոտ ապագայում անազատության մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կտեղափոխվեն «Նուբարաշեն» համապատասխան պայմաններում իրենց պատիժը կրելու: Սա առաջանցիկ քայլ է, անձանց պատշաճ բժշկական սպասարկումը ապահովելու տեսանկյունից»,-ասաց նա:
Գալյանը հավաստիացրեց, որ բոլոր մահվան դեպքերն ուսումնասիրվում են. «Ես չեմ ուզի դեպքերն անհատականացնել, բայց այս պահի դրությամբ առկա տվյալներով բոլոր դեպքերը կապված են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հետ: Այսինքն այդ անձինք ըստ էության հակված են եղել ժամանակին ինքնավնասման: Մենք որքան էլ փորձում ենք հետևել, որպեսզի այդ ինքնավնասումները ճակատագրական ելքի չհանգեցնեն, երբեմն չենք հաջողվում այդ աշխատանքում: Դա է պատճառը, որ հիմա ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ:
Սա նորամուծություն է լինելու, բայց այլ կերպ պայքարելը այս երևույթի դեմ ուղղակի հնարավոր չէ: Այս առումով մեր միջազգային գործընկերներն էլ ասում են այլ հնարավոր տարբերակ քան տեսախցիկներով նմանատիպ անձանց վերահսկելն է ուղղակի գոյություն չունի: Սա քայլերից մեկն է որ նախատեսում ենք մենք անել որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը, այսպես ասեմ, մենք կարողանանք ապահովել»,- հայտարարեց Գալյանը:
Նախարարը խոստովանեց, որ նման դեպքերն ավելացել են. «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պահի դրությամբ գտնվում անազատության մեջ, քան դա առաջ էր: Բայց սա պատասխան չէ, կարծում եմ, և մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք։
Մենք հիմա իրականացնում ենք հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվարկում, որպեսզի հստակ իմանանք, թե մեր կոնտինգենտից որքանն է, որ իրականում հակված է ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարենք անհատական աշխատանք այդ ռիսկերի կառավարման գործիքի համատեքստում»:
Հարցին՝ ինչու են այդպիսի անձինք պատասխանատվություն կրում ՔԿՀ-ներում, Գալյանը պատասխանեց. «Որովհետև այդ հիվանդությունները, որոնք նրանք գուցե ունեն, չեն համապատասխանում կառավարության որոշման այն ցանկին, որոնք որ անհամատեղելի են համարում հիվանդությունը պատժի կրման հետ:
Առողջապահության նախարարության հետ համատեղ մենք այժմ նաև վերանայում ենք կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որպեսզի կարողանանք այն ընդլայնել և այլևս նմանատիպ անձինք, որոնք իրական առողջական խնդիրներ ունեն, չհայտնվեն ճաղերի ետևում, այլ ստանան համապատասխան բժշկական օգնություն»:
Նա տեղեկացրեց, որ այդ մարդիկ տեղում ստանում են բուժում, տեղում աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, կան սոցիալական աշխատողներ. «Բայց իրականում աշխատանքը բարդ է, որքան էլ որ ամենօրյա լինի և մենք պարբերական աշխատանքով փորձենք այդ խնդիրները լուծել, ինքը բավականին բարդ աշխատանք է»:
Հարցին՝ փաստորեն այն, որ ձեր մտերիմը հինգ օր նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ, որևիցե արդյունք չտվե՞ց, նախարարը հեգնանքով արձագանքեց. «Այո, հստակ պատճառական կապ է առկա նշանակման և մահերի աճի միջև:











