Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ աշխարհը միաբևեռից գնում է դեպի բազմաբևեռ կառուցվածքի, իսկ անցումային շրջանն արտահայտվում է անկայունությամբ, և այս տեսանկյունից սպառնալիքները, այդ թվում՝ Հայաստանի համար, մեծանում են։

«Սպառնալիքներ կան, և դրանք չեզոքացված չեն։ Ի՞նչ է անում Թուրքիան։ Ակնհայտ է, որ Թուրքիայում օսմանյան երազանքները նոր դրսևորում են ստանում։ Թուրքիան փորձում է իր առաջնորդության ներքո միավորել թյուրքալեզու երկրները։ Նույնիսկ խոսում են ընդհանուր զինված ուժերի մասին։ Սա սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ Իհարկե, սպառնալիք է։ Այս համատեքստում մենք պե՞տք է ավելի լուրջ լինենք, թե՞ ոչ։ Թուրքիայի սպառնալիքը մնում է, նրանց նպատակն ակնհայտ է։ Մենք օտար մարմին ենք այն մեծ քաղաքական պատկերում, որին ձգտում է Թուրքիան։ Սրանք նրանց ազգային շահերն են, մենք չենք կարող նրանց մեղադրել։ Բայց եկեք հասկանանք, թե ով կարող է այս տարածաշրջանում զսպել Թուրքիային։ Անվանեք ինձ մի երկիր»,- առաջարկել է երկրորդ նախագահը։

Լրագրողները կատակել են՝ Էստոնիա։

«Կա Ռուսաստանը, որը եռյակից՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, իր ներուժով ամենահզորն է։ Վերջին մի քանի հարյուր տարի այդպես է եղել, և աշխարհաքաղաքական իրավիճակը քիչ է փոխվում, որովհետև աշխարհագրությունը չի փոխվում։ Մենք մեր տեղում ենք, Թուրքիան՝ իր։ Թուրքիայի հավակնությունները մեծանում են։ Այդ հավակնությունների աճը որոշակի սպառնալիք է պարունակում մեզ համար։ Խոսքը Թուրքիայի հետ հարաբերությունների արհեստական սրման մասին չէ։ Իհարկե, ոչ։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք գոնե մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի հասցեին։ Իսկ ի՞նչ հայտարարություններ էր անում ՀՀ առաջին դեմքը 2018-ից 20թթ․ ընկած ժամանակահատվածում Թուրքիայի դեմ։ Միայն հիշեք։ Իմ նախագահության 10 տարիների ընթացքում գոնե մեկ անզգույշ հայտարարություն բերեք։ Սա պատասխանատվության հարց է։ Հասկանո՞ւմ ես արդյոք քո աշխատանքը և բավարար պատասխանատվություն ունե՞ս քո գործողությունների համար պատասխան տալու։ Մենք չպետք է սրենք հարաբերությունները, այո՛, պետք է լավ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ՝ որպես լավ հարևանի, բայց չտրվենք շանտաժի, և դրա համար ունենանք այնպիսի գործընկեր, որը կզսպի Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Եթե կա այլ երկիր, անվանեք։ Ես դեմ չեմ»։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է այլ դիրքորոշում որդեգրել միջազգային հարաբերություններում՝ հեգեմոնիայից անցնելով այլ կարգավիճակի։ Թրամփի հայտարարություններն Էր Ռիադում շատ հետաքրքիր են և փոքր-ինչ հիշեցնում են Բարաք Օբամային՝ նրա նախագահության առաջին տարիներին, բայց հետո ԱՄՆ-ն արեց ուղիղ հակառակը։ ԱՄՆ-ն ասում է, որ հեգեմոն չէ։ Մրցակից ունի ի դեմս Չինաստանի և փորձում է կենտրոնանալ այդ տարածաշրջանում։ Հաստատ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ն ակտիվ քաղաքականություն չի վարում։ Դա ակնհայտ է։ Մենք պետք է մտածենք մեր անվտանգության մասին, և սա այն դեպքը չէ, երբ բազմաթիվ հնարավորություններ կան։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերականգնել՝ գործընկերային, ռազմավարական, դաշնակցային։ Եվ ներգրավել իրանական գործոնը։ Իրանը նույնպես մեզ համար բարեկամ երկիր է, ոչ թե որովհետև հարևան է, այլ որովհետև մենք ընդհանուր շահեր ունենք։ Հայ-ռուսաստանյան հարաբերություններից եռանկյունի ստեղծել, ներգրավել իրանական բաղադրիչը»,- նշել է Քոչարյանը։

Հարցին, թե Հայաստանի իշխանությունները փորձում են վերացնել սպառնալիքները՝ հրաժարվելով Արարատից, Ցեղասպանության ճանաչումից և այլն, երկրորդ նախագահը հակադարձել է. «Բայց դուք կարծո՞ւմ եք, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը խոսում է Արևմտյան Հայաստանի մասին, դա սպառնալի՞ք է։ Ոչ ոք դա որպես սպառնալիք չի դիտարկում։ Մտածեք «արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքի մասին։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն իրական Հայաստանն ավելի շուտ դիտարկում է «արևմտյան Ադրբեջանի» համատեքստում։ Դուք կարծո՞ւմ եք, որևէ մեկը լրջորեն մտածում է, որ մենք աչք ենք դրել Արարատի վրա՞։ Մեզ համար դա խորհրդանիշ է։ Դուք լուրջ քաղաքական գործիչներից լսե՞լ եք «հիմա գնալու ենք հետ գրավենք Արարատը» հայտարարություններ։ Սա լուրջ չէ։ Սա խորհրդանիշ է, մեր ազգային ինքնության մի մասը։ Բայց դա չի նշանակում, որ մենք նմանատիպ պլաններ ենք ունեցել։ Ոչ ոք արկածախնդրությամբ չի տառապել։ Իսկ այն, ինչ նա (Փաշինյանը) անում է, ոչ թե Թուրքիայի համար է, այլ մեր ներսում է մեր խորհրդանիշները, ինքնության մի մասը, մեր մասին մեր պատկերացումները քանդում։ Ցեղասպանության ճանաչումը մեր անվտանգության բաղադրիչն էր, մի մասը։ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդն իր անվտանգության ավելի սուր ընկալման տեսանկյունից որոշակի առավելություններ ունի։ Քանի տարի է անցել, բայց Իսրայելը Հոլոքոստով արդարացնում է իր գործողությունները Գազայում։ Թվում է, թե կապ չկա։ Բայց նրանք ասում են՝ մենք Հոլոքոստ ենք վերապրել, գիտենք դա ինչ է և ամեն ինչ կանենք, որ նման սպառնալիք այլևս չլինի։ Մենք Ցեղասպանության հարցը դիտարկել ենք, ես կոնկրետ, որպես անվտանգության ամրապնդման որոշակի բաղադրիչ»,- ընդգծել է նախկին նախագահը։

Ո՞ւմ է դա պետք այսօր։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում նման փորձեր արվում են, և անհաջող»։

Հարցին, թե «ՀԱՊԿ-ը չօգնեց, ՌԴ-ն դիրքորոշում չհայտնեց Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո», Քոչարյանը հիշեցրեց, որ բազմիցս է արտահայտվել այս հարցի վերաբերյալ, և կրկնեց, որ դրա բոլոր անդամների հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավն են, քան Հայաստանի։ «Ոչ թե ՀԱՊԿ-ով պետք է լուծվեր այդ հարցը, այլ հայ-ռուսաստանյան հարաբերություններով։ Այսօր շատ խոսեցինք Էստոնիայի մասին։ Էստոնիան 1 միլիոն 200 հազար բնակիչ ունի, ՆԱՏՕ-ի անդամ է։ Պարզ չէ՞, որ ՆԱՏՕ-ի ողնաշարն ԱՄՆ-ն է։ Եթե անվտանգության հարցեր կան, Էստոնիան Լատվիայի կամ Ֆինլանդիայի հետ չի քննարկելու։ Պետք է քննարկել ԱՄՆ-ի հետ։ Վճռորոշ ձայնն ԱՄՆ-ինն է։ Երբ խոսում եք ՀԱՊԿ-ի մասին, միանգամից Լուկաշենկոյի կերպարի հետ եք կապում և ասում՝ «ՀԱՊԿ-ը չօգնեց»։ Դու փչացնում ես քո հարաբերությունները ՀԱՊԿ-ի ողնաշար երկրի հետ, հետո ասում՝ «չօգնեց»։ Իսկ ինչո՞ւ պետք է օգներ։ Դու ինքդ ես ասում, որ չես կռվելու այս սարի համար (Փաշինյանի հայտնի հայտարարությունը)։ Սահմանին միջադեպ է տեղի ունեցել, ասում եք՝ «ՀԱՊԿ-ը չօգնեց»։ Օգնության համար պետք է գործարկվեին ընթացակարգեր և պետք էմի քանի ամիս սպասել։ Եթե դու ինքդ չես կռվում քո հողի համար, ոչ ոք քեզ համար չի կռվելու։ Պատճառներն առաջին հերթին պետք է փնտրել սրանում»։

Եվ կրկին հարց՝ այնուամենայնիվ, Ռուսաստանի մեղքի բաժինը չկա՞։

«Այսինքն, Ռուսաստանը կարո՞ղ էր ասել, որ (Հայաստանի) իշխանությունները հիմարություններ են անում, բայց քանի որ հայ ժողովուրդը մեզ բարեկամ է, ուշադրություն չդարձնենք հիմարություններին։ Մենք դա՞ էինք սպասում Ռուսաստանից։ Միջպետական հարաբերություններն այդպես չեն գործում։ Նեղացածի դիրք են բռնել, թեև նեղացածի դիրք պետք է բռներ Ռուսաստանը՝ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո։ Որովհետև Ռուսաստանի միջնորդական դերն այդպիսով հասցվել էր զրոյի։ Մենք դրան հասցրինք, հետո ասում ենք՝ միջնորդ եղիր Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Ռուսաստանը նման մանդատ չուներ։ ԵԱՀԿ մանդատն այլ էր։ Այս ամենը մարդկանց պետք է բացատրել, խոսել մարդկանց հետ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։