Հայաստանում Չինաստանի դեսպանատունն այսօր՝ մայիսի 30–ին, կազմակերպել էր ընդունելություն դեսպանի պաշտոնում Լի Սինվեյի նշանակման առթիվ։ Միջոցառմանը ներկա էին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, մի շարք երկրների դեսպաններ։

Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ինքը զգացել է Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը  Չինաստանի և չին ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև հայկական կողմի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և ամրապնդման համար։

«Նախորդ 33 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Չինաստանն ու Հայաստանը մշտապես առաջնորդվել են  փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքներով։ Երկկողմ հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն կերպով՝ ապահովելով համագործակցության նշանակալի արդյունքներ տարբեր ոլորտներում։

Քաղաքական փոխվստահության հիմքը շարունակում է մնալ ամուր։ Կողմերը հետևողականորեն աջակցում են միմյանց առանցքային շահերին և առաջնահերթ մտահոգություններին։ Չինական կողմը բարձր է գնահատում  Հայաստանի հետևողական աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինաստանը և Հայաստանը, հարգելով միմյանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց այդ հարցերում»,– ասել է դեսպանը։

Նրա խոսքով, ՉԺՀ Նախագահ Սի Ցզինփինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բարեկամական շփումները՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, նոր խթան են տվել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Լի Սինվեյը հիշեցրել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կայուն աճ է ցուցաբերում՝ 2024 թվականին հասնելով 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 34 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. «Հայաստանը այն երկրներից է, որն առաջիններից է արձագանքել և միացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Երկկողմ համագործակցության շրջանակում մի շարք կարևոր ծրագրեր հաջողությամբ կյանքի են կոչվում. Հայ-չինական բարեկամության դպրոցը ձեռք է բերում աճող հեղինակություն, չինական ընկերության կողմից կառուցված արևային ֆոտովոլտային կայանը հաջողությամբ միացվել է Հայաստանի էներգացանցին, իսկ Չինաստանի կառավարության աջակցությամբ կառուցվող Հանրային հեռուստաընկերության նոր 8–րդ տաղավարի նախագիծն ընթանում է անխոչընդոտ»։

Դեսպանը հայտնել է նաեւ, որ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթի թռիչքների հաճախականությունը առաջիկայում կավելացվի՝ էլ ավելի հեշտացնելով երկկողմ ուղևորափոխադրումները։

«Չինաստանն ու Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «մեծ ընտանիքի» անդամներ են։ Որպես ՇՀԿ-ի նախագահող երկիր՝ Չինաստանը այս աշնանը Տյանցզին քաղաքում կանցկացնի ՇՀԿ գագաթնաժողովը։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն կառույցն է։ Չինական կողմը պատրաստ է խորացնել համագործակցությունը հայ գործընկերների հետ ՇՀԿ շրջանակներում՝ համատեղ կառուցելու խաղաղ, կայուն, փոխվստահության և բարգավաճ զարգացման վրա հիմնված ընդհանուր տուն։

Ներկայումս չին-հայկական հարաբերություններն անցնում են կայուն զարգացող և ապագային միտված կարևոր փուլ։ Ես պատրաստ եմ աշխատել մեր հայ բարեկամների հետ՝ կյանքի կոչելու մեր երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, ընդլայնելու և խորացնելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և խթանելու չին-հայկական հարաբերությունների նոր զարգացումները։ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը կշարունակի հետևել «դիվանագիտությունը՝ ժողովրդի համար» սկզբունքին և պաշտպանել Հայաստանում չինական կազմակերպությունների և քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը»,– ասել է դեսպանը։