Պարզ է՝ ինչու է որպես թիրախ ընտրվել եկեղեցին. երբ որ ժամանակին Ռուսաստանում ստեղծվեց Pusy Riot խումբը, որը փորձում էր վարկաբեկել եկեղեցին, ինձ համար էդ պահից պարզ էր, որ նույնը արվելու է Հայաստանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Հայաստանում մի փոքր ուշացումով սկսվեց։ Նոր չի, որ իրենք եկեղեցու դեմ են խոսում։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա, դա մեր հարևաններն են։ Իրենց պատկերացմամբ մեր ինքնությունը իրենց համար տոքսիկ է, այսինքն իրենք ուզում են հայկական ինքնությունը փոխել այնպես, որ այդ ինքնությունը լինի ընդունելի Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Դրա համար պետք է հանել բոլոր սյուները, ոնց որ քանդես այդ ինքնությունը, փորձես նոր ռեվիզիա արած ինքնություն ստեղծել, որտեղ պատմությունը այլ ձևով պետք է լինի, կրոնը լրիվ այլ դեր պետք է ունենա։ Իրանք հետևում են այդ պահանջներին համապատասխանելու այդ ծրագրին, որ իրանք իրենց էլ են համոզել, որ դա է ճիշտ ձևը խաղաղության հասնելու։ Այսինքն մենք եթե ուզում ենք, որ թուրքերը մեզ հանգիստ թողնեն, մենք պետք է այդ ամենը անենք։
Ադրբեջանցիք ասում են՝ դուք դեռ ունեք ռևանշիստ ուժեր, դուք չեք համապատասխանում մեր պատկերացրած խաղաղությանը, դրա համար մինչև դուք չփոխեք ձեր սահմանադրությունը, ձեր պատմական պատկերացումները ձեր մասին՝ ցեղասպանությունը, անցյալը, եկեղեցին նաև խոչընդոտ է, մինչև այդ ամենը չանեք, չի լինելու խաղաղություն։
Բացի դրանից ներսի քաղաքական խնդիր էլ ունեն իրենք, որովհետև իրենց վարկանիշը շատ ցածր է, մյուս կողմից վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցու վարկանիշը շատ ավելի բարձր է, դրա համար դու պետք է հարվածես եկեղեցուն, որովհետև երբ գա ընտրության օրը, ընտրողները կանեն այն, ինչ իրենց կասեն հոգեւոր հայրերը։ Այսինքն իրենք տեսնում են նաև քաղաքական վտանգ այստեղ»,–ասաց քաղաքագետը։
Նա նկատեց, որ իշխանությունները եկեղեցու մեջ տեսնում են իրենց քաղաքական հակառակորդ. «Եթե եկեղեցականներն ունենային կուսակցություն, ես համոզված եմ, որ իրենք արդեն ստացած կլինեին իմպիչմենտի հնարավորություն։
Մյուս կողմից, իշխանություններն օգտագործում են էպատաժային բառապաշար, որը, օրինակ, Դոգն էր օգտագործում, որ եկեղեցին էլ մտնի իրենց հետ այդ բանավեճի մեջ, ու իրենք այդպես ցեխը շփեն եկեղեցու վրա։
Հիմա այստեղ մի այլ խնդիր էլ կա, երբ քաղաքական գործիչն այդպիսի մեղադրանքներ հնչեցնում, ուշ թե շուտ իրեն հարցնելու են, բայց ինչի՞ վրա է հիմնված քո խոսքը, այդ ո՞նց ես այդպիսի բաներ խոսում ընդհանրապես։ Նա էլ ասելու է՝ ունեմ ապացույցներ։ Այդ դեպքում այդ ապացույցները ինչպե՞ս են ստացվել, ուրեմն ԱԱԾ-ն է ստացել է այդ հրամանը, հավաքել են տվյալներ, գաղտնալսում է եղել և այլն։
Այո, իրենք կարող են ասել, որ ըստ օրենքի է այդ ամենը արվել, բայց այդ օրենքները իրենք են ընդունել այդպիսի ձևով, որ ում ցանկանան, կարող են ասել, որ բավարար կասկածներ ունեն և կարան սկսեն գաղտնալսել։ Սա աննախադեպ է։ Ի՞նչ է նշանակում գաղտնի տվյալներ հավաքել և հետո այդ տվյալները օգտագործել քաղաքական շանտաժի համար։ Սա շատ տհաճ բան է»,– ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը։
Դիտարկմանը, որ հանրության մեջ հնչում են տեսակետներ, որ եկեղեցին շատ կոշտ պետք է արձագանքի, գործողությունների պետք է անցնի, քաղաքագետն ասաց, որ Եկեղեցին միայն կարող է դիմել իր հետեւորդ հայերին, և ասի, թե ինքն ինչ դիրք ունի այս ամենի վերաբերյալ։ Ավելին իրենք չեն կարող անել։
Սա ամբողջ հանրության խնդիրն է, որովհետեւ եթե իրենք կարող են այսպես վարվել Սրբազանի հետ, այսպես շփվել Վեհափարի հետ, ուրեմն իրենց կարող են դա անել բոլորի նկատմամբ։ Կարող են գաղտնալսել, ինչ-որ տվյալներ օգտագործել, շանտաժով զբաղվել։ Ո՞վ կարող է իրեն անվտանգ զգալ այս վիճակում, ոչ ոք»։











