Արդեն 19–րդ անգամ «Մշակութային երկխոսություն» մեդիաֆորումը մեկ հարկի տակ է հավաքում լրագրողների, բլոգերների, ֆիլմարտադրողների, լուսանկարիչների՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս անգամ շուրջ երեք տասնյակ երկրներից 450 երիտասարդ մասնագետ հավաքվել էր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ պատմելու Հայրենական մեծ պատերազմին իրենց ժողովուրդների մասնակցությամբ կերտված հաղթանակի մասին։

«Կարծում եմ ՝ ճիշտ է, այդ ամենի մասին խոսելն ու պատմելը։ Լավ է, որ հենց երիտասարդներն են դա անում ու որ Հայաստանն էլ իր մասնակցությունն ունեցավ ֆորումին։ Կարևոր է այդ պատմությունները հիշելն ու դրանց մասին մարդկային պատմությունների միջոցով պատմելը»,–NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումի հիմնադիր Աշոտ Ջազոյանը։

image (21).jpg (3.69 MB)

Կազմակերպիչների խոսքով, Ռուսաստանի նկատմամբ աշխարհում ձևավորված վերաբերմունքն ու սահմանափակումները դժվարություններ են առաջացնում ամենամյա ֆորումի կազմակերպման ու եվրոպական երկրներից մասնակիցների ներգրավման հարցում, սակայն այն, որ ֆորումը կազմակերպվում է արդեն 19 տարի, և ունի իր համբավը կոնտենտ ստեծողներւի շարքերում, թույլ է տալիս շարունակել մշակությային երկխոսությունը։

image (25).jpg (3.30 MB)

image (26).jpg (4.39 MB)

«Դժվարությունը կայանում է նրա մեջ, որ որոշ ղեկավարներ քաղաքական ժեստեր են անում։ Եթե մենք նստենք ու սպասենք, թե երբ է այդ ամենն ավարտվելու, ամեն ինչ կկորցնենք։ Կարծում եմ՝ մշակութային երկխոսությունը պետք  է կազմակերպվի առանց հաշվի առնելու սահմանները»,–հավելեց Ջազոյանը։

NEWS.am–ը հայրենական մեծ պատերազմին Հայաստանի մասնակցության մասին պատմեց 100–ամյա վետերան Ասատուր Բազեյանի հիշողությունների, Հայաստանում հայրենական պատերազմին նվիրված հուշարձանների միջոցով։ Ներկայացվեցին հեռուստատեսային սյուժեներ ու ֆոտոպատմություններ։

image (22).jpg (3.71 MB)

image (23).jpg (3.71 MB)

Հայ ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, որը վարում էր ֆորումի ֆիլմերի ցուցադրության արարողությունը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ 100-ամյա հայ վետերանը դարձավ ֆիլմերի ցուցադրության ամենալուսավոր ու տպավորիչ հերոսը, որը կյանքի հանդեպ իր սիրով ոգեշնչեց դահլիճում նստած յուրաքանչյուրին։

«Մշակույթների երկխոսություն մեդիաֆորումը ավանդույթ է դարձել, տարեցտարի հայկական լրատվամիջոցները  և կրթական օջախները մասնակցում են ֆորումին։ Այս երկխոսությունը շատ կարևոր իրադարձություն է միջմշակութային կապերը պահելու համար»,–նշեց Մարինա Ալեքյանը։

image (24).jpg (3.78 MB)

image (27).jpg (3.47 MB)

Մոսկվայում մեկնարկած մեդիաֆորումը շարունակվեց Սանկտ Պետերբուրգում, որտեղ արդեն մասնակիցները իրենց ներկայացրած աշխատանքների միջոցով պատմեցին իրենց երկրների ժողովուրդների առօրյայի, ավանդույթների, խնդիրների մասին։ NEWS.am–ը լուսանկարների շարքի միջոցով պատմեց Հայաստանում դարբնության ավանդական մշակույթի մասին. Ֆոտոպատմության հերոսը Գյումրիում ապրող ու աշխատող երիտասարդ դարբին Գարիկ Պապոյանն էր։ Լուսանկարների ցուցահանդեսը տեղի ունեցավ Էրմիտաժում։

Հեղինակ՝ Մերի Հակոբյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի