ՀՀ ԳԱԱ ընդհանուր տարեկան ժողովի ժամանակ տրվել է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ 2025–ի» մեկնարկը. հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 11-ը ներառյալ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը՝ նոյեմբերի 10-ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ–ն Հայաստանում գիտահետազոտական աշխատանքերի խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն, 2023 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է ՀՀ ԳԱԱ մրցանակը՝ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, քիմիայի, կյանքի և երկրի մասին գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում։
Ֆիզիկակամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում 2023 թվականի մրցանակին է արժանացել տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը։
«Մենք զբաղվում ենք ինտեգրալ սխեմաների նախագծման արդյունավետության բարձրացմամբ. իրականում զուգահեռ մի քանի գիտական նախագծեր ենք իրականացնում։ Որևէ այլ բնագավառ չկա, որտեղ զարգացումներն այդպիսի արագությամբ են ընթանում։ Զարգացումների այդ արագությունը ստեղծում է բազմաթիվ նոր գիտական խնդիրների լուծման անհրաժեշտություն»,–ասում է Վազգեն Մելիքյանը։
Վազգեն Մելիքյանի խոսքով, երբ Հայաստան մուտք գործեցին գիտությամբ զբաղվող համաշխարհային առաջին ընկերությունները, և ինքը առաջարկ ստացավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագիրը ղեկավարելու, հասկացավ, որ ժամանակն է գիտական ակտիվ գործունեությանը զգուհահեռ նաև զբաղվել սերունդներին կրթելու գործով։ Այս տարիների ընթացքում Վազգեն Մելիքյանը պատրաստել է 85 գիտության թեկնածուներ և 3 գիտության դոկտորներ։











