Զվարթնոց տաճարից երթով Էջմիածին եկող քաղաքացիները քիչ առաջ հասան Մայր տաճար, որտեղ այս պահին պատարագ է մատուցվում։
Նշենք, որ ուխտավորները երթ են անում ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու եւ գործարար Սամվել Կարապետյանի։ Նրանք մանուշակագույն ծուխ են արձակում` ի նշան հայ ժողովրդի և հայ եկեղեցու միասնության։
Այսօր՝ հունիսի 22–ին, նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ`
- Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
- Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
- Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
- Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
- Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00:











