Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը, իսկ սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ երեք բնագավառներում

Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ, Քիմիա կյանքի և երկրի մասին գիտություններ, Հասարակական և հումանիտար գիտություններ՝ ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։  Ապրիլի 10-ին հաստատվել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի 2023 թվականի մրցանակի հաղթողները։

Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակի է արժանացել պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խարատյանը։

«Հանրագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատող եմ, և կարելի է ասել ազգագրությամբ զբաղվում եմ 1975-1976 թվականներից, որովհետև ասպիրանտական կրթությունս այդ ժամանակ սկսվեց։ Իմ աշխատանքների այն շարքը, որը ներկայացվել էր անցյալ տարվա Գիտությունների ակադեմիայի հայտարարած մրցանակաբաշխությանը, սկզբունքորեն իմ ամբողջ աշխատանքների շարունակությունն է։ Ես ներկայացրել էի ինքնության խնդիրների հետ կապված շարք, հիմնականում թուրքական և ադրբեջանական ինքնության ձևավորումներին, որոնք թե քաղաքական դիպվածներով ձեռք են բերել նոր հորիզոններ, նոր ուղղություններ, վերափոխումներ և այլն, և գլխավորապես 19-20-րդ դարերում, իսկ ադրբեջանականը նաև 21-րդ դարում։

Հենց մեր աչքի առաջ ակնհայտ մեր գիտության ամենակարևոր հետազոտական ուղղություններից մեկը հենց հիմա գործընթացի մեջ է։

Շատ բարդ է խոսել խնդրի մասին և խոսել այնպես, որ դա քաղաքական չլինի, այլ գիտական լինի, որը հենց հիմա գործընթաց է, հենց հիմա փոխվում են անուններ, փոխվում են հայտարարություններ։ Ամբողջ անցյալի պատմագրության վերանայումներ են գնում, այդ վերանայումների հիմքում ընկած է նաև ինքնության վերահաստատման խնդիրը և այլն, և այս ոլորտի աշխատանքները ինձ իսկապես շատ հետաքրքրում են»՞,– ասում է Խառատյանը։

Նա նկատեց, որ մեզանում գիտությամբ զբաղվողները մեծ մասամբ կամ շատ հաճախ դաշտում են լինում. «Մենք անընդհատ գյուղերում ենք, բնակավայրերում ենք, Երևանում էլ մարդկանց տներում ենք, երբեմն էլ այդ մարդիկ են մեր տներում։ Մենք ձայնագրում ենք, հարցեր ենք տալիս և այլն, ես շատ վաղուց մեքենա եմ վարում, որովհետև անհնար է առանց մեքենայի, և իմ երեխաները ինձ հետ մեծացել են մեքենայում։

Համարյա բոլոր գյուղերում եղել են, մենք փախստականներ ենք հետազոտում և նրանց ընդունում ենք 1988 թվականից սկսված, և նրանք կամա թե ակամա շփվում էին սումգայիթցիների հետ, կիրովաբացիների, բաքվեցիների հետ և այլ գյուղերից եկածների հետ։ Նրանց այդ բոլոր խնդիրները հետո գալիս էին մեր տուն։

Այսօրվա իմ կյանքում ոչ այնքան իմ երեխաները, որքան իմ թոռներն են հիմա զբաղեցնում և ինձ համար դա նաև կողքից հետազոտական խնդիր է, որովհետև երկու սերունդ է, երրորդ սերունդ է արդեն, և ես տեսնում եմ, որ մենք աշխարհին շատ տարբեր կերպ ենք նայում, և ինձ նույնպես դա հետաքրքիր է, այդ սերնդային փոփոխությունը։ Ուզենք թե չուզենք, մեր կյանքը մի քիչ գիտության մեջ է բոլոր իմաստներով և մեր գիտությունն էլ մեր կյանքի մեջ է իր բոլոր իմաստներով»,– ընդհծեց Հրանուշ Խառատյանը։