Աննա Հակոբյանին դատի եմ տվել իմ մասին զրպարտող հայտարարություններ անելու համար. փորձելու եմ Աննա Հակոբյանին Չինաստանից բերել դատարան։ Այս մասին այսօր՝ հունիիս 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին՝ հիշեցնելով, որ Աննա Հակոբյանը պատրաստվում է Չինաստան մեկնել կրթությունը շարունակելու։
«Իհարկե կարող էին անտեսել նրա հայտարարությունները, ինչպես շատերը անտեսեցին, բայց հատկապես հիմա, երբ նրանք կեղծիքներով արշավ են սկսել եկեղեցու դեմ... բայց ես չէի ցանկանա, որ եկեղեցին նրանց հետ այդ վեճի մեջ մտներ, և առիթն օգտագործելով ես մտա այդ վեճի մեջ։ Նա պարտավոր է պատասխան տալ իր խոսքերի համար։ Լրագրողական գործունեության ընթացքում էլ կարող ենք ոչ ճիշտ տեղեկությունններ ստանալ ինչ–որ աղբյուրից, հրապարակել, և այդ պարագայում էլ եղել են իմ դեմ դատական հայցեր։ Մենք հանգիստ գնացել ենք դատարան, այդ գործընթացով անցել ենք՝ համարելով, որ դա մեր լրագրողական գործունեության մի մասն է հրապարակված տեղեկատվության համար պատասխանատվություն կրելը։ Բայց երբ սեռաշեղված կեղծիք եմ հրապարակվում մարդու մասին, միանշանակ պիտի դատական պրոցես լինի»,–ասաց Բորիս Մուրազին։
Լրագրողի հարցին, թե ինչու՞ է Աննա Հակոբյանը հենց նրան թիրախավորել, նա պատասխանեց.
«Որովհետև նման տակտիկա էին ընտրել Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը. կոնկրետ հոգևորականի անուն չէին տալիս, և ենթադրյալ Սրբազանի ու նրա քեռակնոջ ինտիմ հարաբերությունների մասին էին գրում։ Նրանց ի պատասխան ես տվել եմ կոնկրետ անուն և փաստ եմ հրապարակել Մարիամ Փաշինյանի և մանկապղծության մեջ մեղադրվող Սամսոն Թանթուշյանի միջև կապի մասին։ Ընդ որում ապսուրդայինն այն է, որ Մարիամ Փաշինյանն այդ մանկապղծության մեջ մեղադրվողի հետ այցելել էր մանկատուն։ Այսինքն էլ ուրիշ մարդ չկա՞ր, ում կարելի էր տանել երեխաների հետ շփման»։
Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի, ինչպիսի արդարադատություն տեղի կունենա, նա պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդարադատության մասին ռոմանտիկ պատկերացումներ չունեմ, բայց սա ճանապարհ է, որ պետք է անցնել»։
Բորիս Մուրազին նշեց, որ 2 մլն դրամ է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։
«Կարևոր է, թե ինչի վրա եմ ծախսելու այդ գումարը։ Որոշել եմ, որ Հայաստանը պետք է ունենա անպատվության, անարժանապատվության, հայրենադավության հուշարձան՝ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Մոտավոր պատկերն արդեն կա՝ ինչ տեքսի պիտի լինի. այդ հուշարձանում նրանք պիտի ծնկի եկած լինեն հայ հասարակության առջև իրենց արածների համար։ 2 մլնը չի բավականացնի իհարկե, պատրաստ եմ ծախսերի 10 տոկոսը հավելյալ իմ կողմից անել, նաև կդիմեմ հանրության օգնությանը։ Այդ արձանը նրանց պատկերով է, բայց ոչ թե նրանց անձերի, այլ հայրենադավության մասին է»,–ասաց նա։











