Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտից ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները բերման ենթարկեցին նաեւ «Սրբազան պայքարի» աջակիցներից մեկին։

Հարցին՝ ինչո՞ւ են ձեզ տանում, ինչ հիմքով, նա պատասխանեց. «Չգիտենք հլը, հեսա գնանք տեսնենք։ Ոչ ոք չի կարա ասի՝ ինչ հիմքով, չեն ասում ինչ հիմքով։ Ինչ-որ հակատանկային բաներ պետք է բերեինք, տանկերը պայթեցնենք, տենց ձևակերպում են արել»։

ԱԱԾ աշխատակիցները որչեւէ հարցի չպատասխանեցին, նստեցրին երիտասարդին մեքենան ու տարան։

Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկեցին նաեւ Բագրատ Սրբազանին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: