Խուզարկություն էր կատարվում Բագրատ Սրբազանի տանը, կար դատարանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ՝ հերթական մասկի շոուն էր, ինչպես տեսաք։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Երեկվա պլանի հետ կապված պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու էր։ Որեւէ քրեորեն հետապնդելի իր, առարկա չեն հայտնաբերել։ Մի բուռ մեխ են տարել կոշիկի համար նախատեսված։ Ահաբեկչության հետ կապված ահաբեկող միակ նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող լինել։ Արկղերով տարան այն ծխերից, որ յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, և որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը Ազգային ժողովում 2018 թվականին ևս կիրառել է։

Տեսել եք Քննչական կոմիտեի հայտարարությունը՝ զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ ժուլվեռնյան ֆանտաստիկ ինչ-որ բան։

ԱԱԾ–ն մասնակցում էր դիմակավորված աշխատակիցներով՝ գործընթացն ապահովելու համար՝ մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է ավտոմատավորներ լինեն»,–ասաց փաստաբանը։

Հարցին՝ ինչո՞ւ 6 ժամ տեւեց խուզարկությունը, նա պատասխանեց. «Ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին։ Տարել են նաեւ ճանապարհային երթեւեկության եռանկյունի նշանը, պոլի շորի ձողը, որը բոլորի տանը կա»։