Այս պահին Քննչական կոմիտեի ներսում բազմաթիվ ձերբակալվածներ կան, այդ թվում նաև Բագրատ Սրբազանը, ներսում են նաեւ բազմաթիվ փաստաբաններ՝ «Հինգ իրավապաշտպաններից» Սերգեյ Հարությունյանը, Վահանը Հովհաննիսյանը, Հովհաննես Խուդոյանը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ չի կարող թեկուզ մոտավոր ասել, թե քանի ձերբակալված կա։
«Անարդար բան է տեղի ունենում, քննչականը վրա–վրա տալիս է վարույթի նյութեր, չենք էլ ծանոթացել դրանց, դրանք գտնվում են Քննչական կոմիտեի հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ մասնավորապես Civic.am–ի ետ համագործակցության մեջ մի բան նրանք են տալիս, մի բան իրենք են տալիս։ Այսինքն, սա քաղաքական ուղիղ ուղղորդման մասին է վկայում, բայց մեզ՝ պաշտպաններիս արգելում են նախաքննական տվյալներ հրապարակել։ Սա ուղղակի խայտառակություն է։ Օրինակ, ըստ քննչականի տրամաբանության, ես չեմ կարող հրապարակել, որ իմ պաշտպանյալի տնից, երեխայի սենյակից երեխայի խաղալիքն են հայտնաբերել։ Ես չգիտեմ, եթե դա հրապարակեմ դա, վաղը մյուս օրը ինձ պատասխանատվության ենթարկելու հարց կառաջացնե՞ն, թե՞ չէ։ Բայց իրենք կարող են ամբողջ նախաքննական տվյալները հանրությանը ներկայացնել՝ ձայնագրություններ, ինչ-որ փաստական տվյալներ ըստ իրենց, որը որ մեղմ ասած չի համապատասխանում ոչ սահմանադրությանը, ոչ օրենքներին, ոչ միջազգային ստանդարտներին։
Մենք պետք է հավասար հնարավորություն ունենանք ոչ միայն դատարանում, այլև հանրության առջև ներկայացնելու այն տեղեկությունների կեղծ լինելը, եթե դրանք կեղծ են, որոնք ներկայացվելու են և օգտագործվելու են մեր վստահորդների դեմ։
Երկրորդը, իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանը կոնկրետ ոչ մի կերպ մեղադրանքը չի ընդունում, մեղադրանք է առաջադրվել ինչ-որ ահաբեկչական բանի հետ կապված, նախապատրաստություն, սահմանադրական կարգի հետ կապված։
Սա ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում, ակնհայտ է ամեն ինչ։ Ես նաև հիշեցի, որ վաղը Ադրբեջանի զինված ուժերի օրն է, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը նվեր է մատուցում նաև ադրբեջանցիներին»,–ասաց նա՝ հավելելով, որ բոլոր ձերբակալվածներն անցնում են նույն վարույթով։











