Մենք պատմության ընթացքում ունեցել ենք Վեհափառներ, որոնք հեռացել են, որոնք մնացել են, հեռացողներ էլ են եղել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդմեջ ասում է, որ Գարեգին երկրորդը պետք է հեռանա, մինչդեռ իշխանությունը լծակներ չունի Վեհափառին հեռացնելու համար։

«Եկեղեցին էլ ունեցել է շատ ծանր օրեր, օրինակ, սովետական տարիներին,  մենք ունեցել ենք վեհափառ, որը մահացել է, որը պետք է չմահանար, այդպիսի իրողություններ են էլ են եղել։ Կարևորը եկեղեցու առողջացման մեջ պետք է տեսնել։ Դուք հարցնում եք՝ Վեհափառը պետք է գնա, թե՞ չգնա, դա եկեղեցու որոշելիքը կլինի, բայց եկեղեցին էլ պետք է շարժվի իր իրավական համակարգի տրամաբանությամբ և պահանջով։

Վերջերս նաև գուցե եկեղեցական շրջանակներից աթոռանիստ միջավայր են ուզում փոխել։ Դա ի՞նչ է, դա պառակտման ամենակարճ ճանապարհն է։ Վերջին հաշվով եկեղեցին էլ մեծ ֆինանսական կոնգլոմերատ է, այնտեղ կան շահեր, այնտեղ մեծ չհարկվող գումարներ կան շրջանառության մեջ, բայց խնդիրը գումարի մեջ չի, խնդիրը բովանդակության մեջ է։ Պետք է եկեղեցում եկեղեցականները, որտեղ նաև փայլուն կրթություն ստացած հոգևորականներ կան, որոնք ուզում են հոգևոր արժեքների ճանապարհով շարժվել, նրանք էլ պետք է նպաստեն եկեղեցու առողջացմանը։ Դուք մենակ կուսակրոնություն եք տեսնում, կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չի, դա բարդ մեծ համակարգ է, որի նպատակները ի սկզբանե, որ դրված են եղել, չի պահվում։ Հիմա կամ պետք է իրենք իրենց մեջ ուժ գտնեն, այդ խնդիրը լուծեն, կամ պետք է Եկեղեցին դարձնեն այնպիսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ եկեղեցին կարելի է ենթարկել ուժային միջամտության։

Անբիծ եկեղեցի եմ ես ուզում, բոլորի ցանկությունը դա պետք է լին։ Անբիծ եկեղեցի նշանակում է, երբ գնում ես մաքրվելու, հաղորդակցվելու, դու գնում ես իրականում հաղորդակցվելու, ոչ թե գնում ես պարզապես մոմը վառես, ինքդ քեզ խաբես, գնաս։

Այդ ամենից հետո եկեղեցին պետք է չասի՞՝ ովքեր են այդ աստիճանակարգով բարձրացողները և ինչ մեխանիզմով, դրանք հոգևոր աշխարհի գեներալներն են։ Հիմա երկու գեներալ նստած են։ Ես հիշում եմ, որ  90-ականներին կարծեմ Ասողիկ անունով  եպիսկոպոս կար, որ էլի ֆինանսական խնդիրների մեջ էր և կարծեմ կալանավորվեց։ Սա հո առաջինը չի՞»։