«Խնդիրը նրանում է, որ երբ պետությունն է կառավարում որևէ կառույց և այդտեղ խնդիրներ են առաջանում, հազար պատճառաբանություն եք բերում՝ ճանապարհները լավ չեն,  շինարարական ընկերությունները գողանում են և այլն»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը մեկ ամիս առաջ ՀԷՑ–ի հետ կապված որևէ խնդիր չէր տեսնում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է։ Հիմա արդեն խնդիր է տեսնում»,–նշեց Գառնիկ Դանիելյանը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ի պատասխան ասաց.

«Բա եթե ամեն ինչ լավ էր, 12 վարույթը ինչի համար հարուցվեց։ Եթե բոլորը բոլորից գոհ են՝ բնակիչները ՀԷՑ–ից, ՀԷՑ–ը հանձնաժողդովից է գոհ, բոլորը միասին ՏԿԵՆ–ից են գոհ։ Բա այդ գոհ ու երջանիկ միջավայրում այդ վարույթները ինչի՞ համար են նախաձեռնվել»։