Քրեական ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ դուրս եկավ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակի կենտրոնական մուտքից։ Նրանք հեռացան ավտոմեքենայով եւ տեսանելի չէր, թե ինչ–որ բան իրենց հետ տարան, թե ոչ։
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։
Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։
Ավելի ուշ Նարեկ Կարապետյանին դիմակավորված անձինք ավտոմեքենայով բերեցին ՀԷՑ կենտրոնական գրասենյակ։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։











