Մենք սպասում ենք, որ թողեն աշխատենք, առավոտվա ժամը 8:30-ից այստեղ ենք և սպասում ենք՝ երբ կթողնեն մենք ներս մտնենք, որպեսզի ՀԷՑ–ը անխափան աշխատանք ապահովի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակի աշխատակիցներից մեկը, որը մյուսների պես դրսում սպասում էր, որ իրավապահներն իրենց գործողություններն ավարտեն եւ իրենք մտնեն ու սկսեն աշխատանքը։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով, որ եթե ՀԷՑ–ի աշխատակիցները մասնակցեն քաղաքական խարդավանքներին, ապա ՀԷՑ–ի պետականացումից հետո նրանք կազատվեն աշխատանքից, աշխատակիցն ասաց. «Մի հատ հարց տամ էլի, երբ որ ինքը բոլորին հավաքում էր Սահմանադրական դատարանը շրջապատելու, կամ իր բոլոր հավաքներին, երբ որ պոլիկլինիկաների աշխատողները, դասախոսները, դասատուները գնում մասնակցում էին, ինքը հանե՞լ է գործից։ Ինչի՞ պիտի ՀԷՑ–ի աշխատողներին հանի դրա համար։ Ինչի՞ համար, ի՞նչ հիմքով ուղղակի սիմպատիա ունենալու հիմքով պիտի հանի, թող հանի, ի՞նչ ասեմ։

Ի՞նչ է, մենք իրավունք չունե՞նք աջակցելու Սամվել Կարապետյանին։ Անպայման պետք է Ալիևին աջակցե՞նք, որ մեզ պահեն ու չհանեն։ Ինձ ոչ ոք ոչ մի բան չի կարա ստիպի, հիմա էլ եթե ես ձեր հետ խոսում եմ, ոչ ոք ինձ ոչ ստիպել է, ոչ էլ իմ ղեկավարությունը տեղյակ է, որ ես ինչ-որ կարծիք եմ հայտնում»,–ասաց նա։

հարցին՝ մտահոգություն չունի, որ պետականացումից հետո հնարավոր է իրեն աշխատանքից ազատեն, ՀԷՑ–ի աշխատակիցը պատասխանեց. «Իհարկե ունեմ մտահոգություն, որովհետև ես ի տարբերություն այսօրվա իշխանավորների, աշխատում եմ, որպեսզի իմ օրվա հացը, իմ օրվա կեցությունը ապահովեմ։ Բայց ինչի՞ համար պետք է ինձ գործից հանեն, կարծիք հայտնելու համար, ուրեմն կհանեն, ինչ ասեմ»։

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: Ոստիկանության դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։

Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում: Ավելի ուշ Նարեկ Կարապետյանին դիմակավորված անձինք ավտոմեքենայով բերել են ՀԷՑ կենտրոնական գրասենյակ։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։