Եթե Մայր աթոռում կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննությյան անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի: Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:
«Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ է: ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե ինչ շարժում է լինելու, որը առաջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը ասաց, թե դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:
«Այսինքն՝ տեռորիզմն օրհնող ու դրա մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել մեր եկեղեցին»,- նշեց նա՝ հավելելով, թե միայն այն, որ հոգևորականը կարող է ասել՝ երկու հոգու պատի տա «գյուլլում» ես, ընտանիքին փոխհատուցում ես տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում, բավական է ասել, որ նրանք իրենց ներկայությամբ պղծում են եկեղեցին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է պատրաստվում շարժումը կաթողիկոսին հանել Մայր Աթոռից, ինչին ի պատասխան՝ նա պարզաբանեց՝ հարցը ոչ թե կաթողիկոսին հանելու մասին է, այլ վեհարանում վեհափառ ունենալու մասին:
«Որովհետև այս պահին վեհարանում վեհափառ չկա: Ես իմ վստահությունն եմ հայտնում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը նման անունով մարդու կաթողիկոս չի ճանաչում»,- ընդգծեց Ալեքսանյանը:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը նման պնդում անում, Ալեքսանյանը պարզաբանեց՝ իր կարծիքը ձևավորվել է բազմաթիվ քաղաքացիների հետ շփումների ու հազարավոր քաղաքացիների նամակների ու գրառումների հիման վրա:











