ԱԺ–ում մեկնարկել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցով գաղտնի քվեարկությունը։ Այն սկսվել է ժամը 15:30-ին և կտևի մինչև 16:00-ն։

Հատկանշական է, որ ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ի սկզբանե նշում էր, որ պետք է քվեարկություն իրականացվի՝ ժամը 16։00-ից սկսած՝ երկու միջնորդությունների վերաբերյալ և միայն Հովիկ Աղազարյանի դիտարկումից հետո, որ նախ պետք է քվեարկություն լինի՝ քրեական հետապնդման համաձայնության մասով, հետո՝ ազատությունից զրկելու միջնորդագրին անդրադառնան՝ Բաբայանն առաջին քվեարկության ժամը սահմանեց։

Այս գաղտնի քվեարկությունից հետո եւս մեկ գաղտնի քվեարկություն կկազմակերպվի այս անգամ արդեն Արթուր Սարգսյանին կալանավորելու համաձայնություն տալու հարցով։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ–ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն էր տվել «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն։