ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մանրամասներ է պատմել իրենց տանը վաղ առավոտյան տեղի ունեցած խուզարկությունից։

«Սկզբից քննչականի ու ԱԱԾ ծառայողներ մտան տուն որդուս փաստացի բնակվող տունը խուզարկելու։ Պատճառաբանությունը մի հատ հիմար պատճառաբանություն է։ Մեր երիտասարդների տները առավոտից արդեն տեղեկացանք, որ խուզարկում են, ցանկանում էին առգրավել հեռախոսս։ Բացատրեցի, որ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իրը իրավունք չունեն վերցնելու, դատարանի որոշման մեջ էլ չկար դրա մասին հիշատակում։ Խոսքը մենակ Տարոնին էր վերաբերում։

Խուզարկությունը ավարտվեց, հիմար խուզարկություն էր, «Երկիր մեդիայի» կասետներից տարան, որի վրա իրենք էլ կարդացին, որ գրած էր «կնունք»։ Համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը, զննություն արեցին իրականում հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակները փորձում են թիրախավորել, առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն զրուցելու, փորձեցին բռնել ուժով բան անել, մի քիչ էլ ձեռքս վնասվեց։

Փորձեցի թույլ չտալ, բայց ուղղակի շատ էին, հեռախոսս առգրավեցին։ Սա էլ սրանց եղածը, Տարոնին էլ արդեն ոտքի վրա վերջին պահին հայտարարեցին, որ ձերբակալված է։

Գիտեմ, որ մեր ընկերներից շատերին ձերբակալում են, հերթական քաղաքական պատվերն է, հերթական քաղաքական հետապնդումն է, մենք հո վարժ ենք»,–ասաց նա։

Հարցին՝ ասե՞լ են ձերբակալության պատճառը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Չէ, մի հատ քրեական գործ է մեր երիտասարդներից մեկին ձերբակալել են, առաջիկայում դրա մասին կխոսենք։ Ուղղակի իրենց էլ մանրամասն և տեսախցիկի առաջ պարզ բացատրում էի, որ դուք ուղղակի օրենքի հետ գործ չունեք, ուղղակի փուչիկներով կարվող քրեական գործեր եք հարուցում, ուղղակի Նիկոլ Փաշինյանի կամակատարն եք, ծառան եք և շարունակում եք գլուխներդ կախ ծառայել Նիկոլ Փաշինյանի վարչակազմում»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։