Ես երեկ սովորականի նման գտնում էի համալսարան և ստացել եմ այս հրաշք ծանուցագիրը՝ էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ ինձ ծանուցվել է, որ ես երկու օրից, այսինքն արդեն վաղվանից այլևս աշխատանքի չեմ, լուծվում է աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։

«Ծանուցագրում փաստացի հղում են անում մի քանի կետերի, մասնավորապես 2019 թվականի հոգաբարձուների խորհրդի որոշման, որով նախատեսված էր ուսանողների տարվող աշխատանքների կենտրոնը լուծարել, որը դատական կարգով վիճարկվում էր։ Հղում են արել դատական ակտի, որը որևէ իմպերատիվ նորմ չի նշում իր մեջ, որ պետք է կենտրոնի աշխատակիցներին ազատել։ Ասեմ ավելին, իմ հաստիքը, որում ես հիմա աշխատում եմ, կենտրոնի փոխտնօրինակ, ստեղծվել է ավելի ուշ, քան հոգաբարձուների խորհրդի այդ որոշումը, կա ևս մեկ որոշում, որով հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառուցվածքում և հաստիքացակում հաստատում է ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գոյությունը։ Ասեմ ավելի նոր հաստիք է ավելացնում և ռեկտորի հրամանով ես նշանակվում եմ այդ պաշտոնում։ Այսինքն այն նորմը, որին իրենք հղում են արել, դրանք որպես այդպիսին փուչ են։

Իրենք հղում են արել աշխատանքային օրենսգրքի մի հոդվածի, որում գրված է, որ գործատուն պարտավոր էր մեզ երկու ամիս առաջ տեղեկացնել և իրենք այդ նույն հոդվածին հղում են արել ու երկու օր առաջ մեզ ծանուցագիր են ուղարկել։

Ես գիտեմ, որ այս ծանուցագիրը ԵՊՀ–ից դրսում է կազմվել, իրենց ուղարկել են, վերջին պահին հավանաբար փոփոխել են ժամկետները, բայց մոռացել են, որ պիտի փոխեն նաև աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը։ Ըստ էության, երկու օր առաջ կենտրոնի 11 աշխատակիցներ ծանուցվել են, որ 2 օրից իրենք գործի չեն։ Սրանով անհասկանալի են մնացել այն բոլոր ծրագրերը, միջոցառումները և աշխատանքները, որոնք պլանավորված էին, օրինակ, ամառվա ընթացքում իրականացնել»,–ասաց նա։

Հարցին՝ հանդիպում եղե՞լ է ԵՊՀ ռեկտորի հետ, փորձե՞լ եք նրանից անձամբ հասկանալ, թե ինչ համար է այս ամենը արվում, Աբաջյանը պատասխանեց. «Ռեկտորի հետ երեկ հանդիպում ունենալու առիթ չեմ ունեցել, բայց երբ որ մեզ ծանուցագիրը ուղարկվել է, համապատասխան ստորաբաժանումների կողմից, փորձել ենք հասկանալ սա ինչ է, ով է կազմել, երբ է կազմել կամ ինչու երկու ամիս առաջ չէր կարելի ծանուցել։ Որևէ մեկը, որպես այդպիսին, տեղյակ չէր, սա որտեղից է եկել, ով է ասել։

Դա թույլ է տալիս ենթադրել, որ սա երկրում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է, որովհետև հիմա համալսարանում բոլոր այն օջախները, որոնք այլակարծություն ունեն, այսինքն չեն ընդունում այն, ինչ իրենց ասվում է, հիմա փորձ է արվում այդ բոլոր օջախները մարել, հանգստացնել։

Սա կարող է արած լինել, օրինակ, վարչապետի աշխատակազմը, դատախազությունը։ Հիմա բոլոր ուժային կառույցները, իրենց ենթակա և չենթակա կառույցները աշխատում են մեկ հոգու հրահանգով, հետևաբար վստահաբար քաղաքական որոշում է կայացվել։ Հիմա թե ում ձեռամբ են դա իրականացնում, իմ կարծիքով այդքան էլ կարևոր չէ։ Բայց փաստորեն համալսարանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են հլու հնազանդ, հնազանդվել այն բոլոր հրահանգներին, որոնք իրենց տալիս են»։

Անդրադառնալով իր գրառմանը, որտեղ նշել էր, որ առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ, Խաչիկ Աբաջյանն ասաց. «Իրենք փորձում են լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք որոշակի ակտիվություն ունեն, այլ կարծիք ունեն։ Հիմա, օրինակ, իմ տեղեկություններով նաև ճնշումներ կան աստվածաբանության ֆակուլտետի դեկանի՝ Սրբազան հոր նկատմամբ։ Իր հետ չեմ խոսել այս թեմայով, բայց գիտեմ, որ այնտեղ էլ ֆակուլտետի դեկանի փոփոխություն են նախատեսում, որովհետև Սրբազան հայրը վերջերս մասնակցում էր հանրահավաքի և առաջին շարքերում էր։ Հետևաբար իջել է հրահանգ, որ նրան ևս պետք է ճնշել։

Ես վստահություն ունեմ, որ նույն ԵՊՀ ռեկտորն էլ չի մարսելու և հանգիստ չի տանելու իր այս գործընթացը, որովհետև վստահ եմ, որ իրենց հետևից էլ են գալու։ Դա մեկ անգամ չի, որ տեսել ենք, որ օրվա իշխանությունները կարող են տարբեր մարդկանց ձեռամբ իրագործել իրենց ցանկությունները, հետո տեսնենք այդ մարդկանց հետ ինչ է պատահում։ Բազմաթիվ այդպիսի օրինակներ կան՝ պատգամավորներ, նախարարներ, ուժային կառույցների ղեկավարներ, ազգային հերոսներ, ում տալիս են ազգային հերոս հետո ձերբակալում են։

Այն ինչ հիմա կատարվում է ոչ միայն ԵՊՀ–ում, այլ երկրում, աբսուրդ է։ Ինչի՞ ենք զարմանում, եթե մարդիկ, օրինակ, պատրաստվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցին լուծարել, Կենտրոնն ու ԵՊՀ-ն ի՞նչ է, որ չլուծարեն»։

Հարցին՝ ի՞նչ են պատրաստվում իրենք անել, նա արձագանքեց. «Մենք դեռ ստացել ենք ծանուցագիր, որ վաղը մեզ հետ լուծելու են աշխատանքային պայմանագիր, երբ որ կստանանք այդ հրամանը, հասկանանք՝ յնտեղ ինչ աբսուրդ նորմեր են վկայակոչելու, բնականաբար դատական կարգով բողոքարկելու ենք այդ որոշումը։

Ես ուղղակի կասեմ, որ բոլորի հետևից գնալու են։ Այս մարդիկ չեն ընդունում այնպիսի մարդկանց, որոնք ունեն այլ կարծիք, որոնք մտածում են։ Դա ֆիքսվելու է ԵՊՀ պատմության մեջ, որ ԵՊՀ-ն անցել է նաև այս օրերը։ Հետո պատմությունը կարձանագրի, ով էր խոսում, ով չէր խոսում ու պատերի տակ կամ աշխատասենյակներում ինչեր էին քննարկվում»։

Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները 2018–ին խոսում էին բուհերի ապաքաղաքականացման մասին, որ կուսակցական գործիչներ կան բուհի խորհրդում. «Եկեք մեր խորհրդի կազմը ուղղակի դիտարկեք, մեր խորհրդի նախագահը հիմա Սուրեն Պապիկյանն է, նախարարներ, փոխնախարարներ կան, որոնք իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներ են։ Այսինքն որպես այդպիսին որևէ խոստում չեն պահել»։