Կանխատեսելի էր, որ Փաշինյանն էլ ավելի կոշտ բռնաճնշումների կդիմի իր հակառակորդների նկատմամբ՝ միաժամանակ ներքաղաքական նպատակներ հետապնդելով։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա չի բացառել, որ Փաշինյանը կհամաձայնի դադարեցնել ՀՅ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում կամ դա կդարձնի Դաշնակցության հետ սակարկության առարկա։ «Փաշինյանը հիմա Դաշնակցության դեմ մտրակն է կիրառում, բայց եթե կարողանա  նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, կօգտագործի նաև քաղցրաբլիթը»,- հավելել է Կիվիրյանը։

Փաշինյանը միաժամանակ չի հրաժարվի Եկեղեցու վրա որևէ կերպ հարձակումներից և այժմ հարմար առիթի է սպասում, կարծում է նա:

«Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի կարողանա հաղթել Եկեղեցուն։ Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ճիշտ գործի, ապա Փաշինյանի բոլոր ցանկությունները կմնան չիրականացված։ Որոշակի հանգամանքներում Նախաթոռը կարող է տեղափոխել իր նստավայրը։ Իշխանությունները խստորեն քննադատում են այդ գաղափարը, քանի որ այն մահացու է նրանց համար», - ընդգծել է վերլուծաբանը։

Նա քննադատել է ընդդիմությանը, որը պետք է ամեն կերպ օրենքի շրջանակներում ձգտեր իշխանության։ Ըստ վերլուծաբանի՝ ընդդիմադիր ուժերը ցանկանում են, որ ուրիշները տապալեն Փաշինյանի կառավարությունը, և իրենք գան իշխանության։ «Դրա համար էլ նման արդյունքի ենք հասել», -ասում է Կիվիրյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը թույլ չի տա, որ նախկին իշխանությունները լքեն քաղաքական դաշտը, քանի որ դա բավականին ձեռնտու է իրեն։

«2026 թվականին նոր ընտրություններ են լինելու, և որոշ տեղեկություններով՝ դրան ընդառաջ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նոր քաղաքական թիմ են հավաքում։ Հետևաբար, նրանց ներկայիս համախոհներից շատերը ցանկանում են նրանց ցույց տալ իրենց հավատարմությունը, որպեսզի իրենցից չձերբազատվեն և իրենք հայտնվեն Փաշինյանի ընտրական ցուցակում», - նշում է վերլուծաբանը։

Նա կարծում է, որ իշխանությունների գործունեությունը դաժան ավարտ կունենա։