ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, դատարանի մոտ լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Որեւէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ։ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց երկու ամսով՝ Strikeball խաղի սիրահար լինելու համար։ Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն։ Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունն անում, ում դեմ էր անում, որեւէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահի դրությամբ չունեն։
Միակ դրական այն է, որ թեեւ քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի, այդ թվում նաեւ ծնողների հետ, դատարանն այդ մի փոքր մարդասիրական քայլը արեց, իրականում լուրջ առոջղական խնդիր ունեցող տղային գոնե թույլատրեց, որ ծնողների հետ կարողանա տեսակցել։
Հենց առողջական խնդրի պատճառով է, որ նա բանակում չէ։ Ես հիմա չեմ կարող ավելի հստակ ասել, բայց այնպիսի խնդիր է, որը խոչընդոտ է բանակում ծառայության համար»,–ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Անդրանիկի մոտ գտել են պարագաներ, որոնք վերաբերում են այդ Strikeball խաղին։
«Քանի որ նախաձեռնությունն իրավապահ մարմիններինը չէր, մենք այն ժամանակ մտածեցինք՝ հնարավորություն տալ իրավապահ մարմիններին, որովհետեւ այնտեղ ինչ–որ բաներ կային, որոնք կարող էին կասկածելի լինել։ Մ«անրամասն ներկայացրեցի՝ որտեղից է գնել, ինչու է գնել։ Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։ Ինչ–որ F-1 նռնակի մասին են խոսում, դա Անդրանիկ չամիչյանի հետ որեւէ կապ չունի։ Իր մոտից որեւէ ապօրինի իր հայտնաբերված չէ»,– ընդգծեց Մելիքյանը։











