«Հակառակ կողմը շատ բան կարող է պնդել, ավելի լավ է լսել հայրենի կողմին»։ Այսպես ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին՝ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանը կրկին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարց բարձրացրե՞լ է։

«Զանգեզուրի միջանցք ասվածը գոյություն չունի, չի էլ կարող ունենալ։ Պաշտոնապես բազմիցս ասել ենք»,–հավելեց Խաչատրյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հարցեր են ներառված վաղը կայանալիք ժողովի օրակարգում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց.

«Համաժողովը մեր քաղաքական օրակարգերի շուրջ է։ Տարին երկու անգամ համաժողով ենք կազմակերպում, այս անգամ կազմակերպվել է Գորիս քաղաքում։ Կարծում ենք՝ ճիշտ էր համաժողովը Գորիսում կազմակերպելը, որովհետև շատ հյուրեր ունենք, և կարծում ենք, որ նրանց ներկայությունն այստեղ կարևոր է, նրանք նաև Գորիսի իրավիճակին կծանոթանան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Գորիս քաղաք, որտեղ վաղը նախատեսված է նրանց մասնակցությամբ քաղաքական ժողով։