«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ մեդիադաշտում, հերթական հիբրիդային հարձակումն էր. այն, ինչ խոսվում է և մանիպուլացվում, նման բան չկա։ Ես գիտեմ, որ փոխնախարարի խոսքերն են աղավաղել և այլ կերպ մեկնաբանել, այդ մասին վարչապետը բազմիցս խոսել է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպումից հետո տարածված լուրերին և ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցից հետո առաջացած քննարկումներին։
«Կոչ եմ անում պարզապես հետևել պաշտոնական մեկնաբանություններին, առաջիկայում էլ վստահաբար կլինեն այդ հանդիպման վարեբարյալ մեկնաբանություններ։ Ուղղակի կոչ եմ անում չտրվել մանիպուլիացիաներին, որովհետև նրանք, ովքեր դա անում են, հոգու խորքում գիտեն, որ տապալել են Հայաստանում իրավիճակ փոխելու, նորմալ քաղաքակիրթ ձևով իշխանության գալու տարբերակը։ Իրենց միակ տարբերակը մնում է խառնաշփոթ ստեղծելը»,–հայտարարեց նա։











