Ես ավելի քան վստահ եմ, որ կառավարությունը արել է և անում է իր ուժերի ներածին չափով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք արցախցին կարող է մեկ անձին 4 մլն դրամի աջակցությունով բնակարան գնել Երևանում կամ երեւանամերձ մարզերում։
«Եկեք բոլորս հասկանանք, որ Հայաստանում միայն արցախցիների խնդիրը չէ, Հայաստանում կան այդ թվում նաև բազմաթիվ անօթևաններ, որոնց հարցերով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Գյումրիում ամիսներ առաջ եղան համայնքապետի ընտրություններ, անընդհատ մատնանշվում էր, որ կան բազմաթիվ անօթևաններ ու բոլոր շեշտերը ուղղվում էր կառավարության վրա։ Այսինքն կառավարության պարտականություն էին համարում, որ այդ անօթևանների խնդիրը պետք է լուծվի»,–ասաց նա։
Դիտարկմանը՝ արդյոք ճիշտ է զուգահեռ տանել հայաստանյան անօթեւանի եւ արցախցու միջեւ, Չախոյանը պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, անօթեւանը անօթեւան է, տուն չունեցողը տուն չունեցող է։ Մեկը ստիպված գաղթել է, այն մյուսը գրավադրել է և ստիպված կորցրել է իր օթևանը։ Երկուսն էլ հայտնվել են արդյունքում նույն կարգավիճակում։ Անօթևանը անօթևան է՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է կորցրել իր օթևանը»։











