Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ ՆԳՆ հաղորդմամբ, ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։

  1. Ինչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը

Ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից ազատ ժամերին․ օրինակ՝ սպորտ, մշակույթ, կամավորություն և այլն։

  • Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը։
  • Կապահովի ճիշտ միջավայր։

Հիշենք՝ անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։

2․ Ի՞նչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին

  • Գերակտիվություն կամ գերպասիվություն
  • Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր
  • Գրգռվածություն, քնկոտություն
  • Անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն
  • Նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն
  • Բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ
  • Անհայտ ծագման գումարի առկայություն
  • Ընտանիքին պատկանող գումարի, թանկարժեք իրերի անհետացում։

3․ Տնային պայմաններում ինչպե՞ս ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը

  • Ձեռք բերել ազատ վաճառվող (օնլայն) մուլտի (սքրինինգ) թեստեր՝ մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար:
  • Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին՝ այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։

4․ Ի՞նչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում

  • Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
  • Պետք է աջակցել հոգեբանորեն, հավաստիացնել, որ նրա կողքին եք։
  • Կատարել լաբորատոր հետազոտություն՝ վերջնական ճշգրտման համար։
  • Բժշկի հետ խորհրդակցելով՝ ներգրավվել նաև հոգեբանի։

«Հարգելի՛ ծնող, հիշե՛ք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրամիջոցի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ և ապահով միջավայր»,- նշում են ՆԳՆ-ից։