Մեզ մոտ խնդիր է առաջացել, քանի որ մեր աճեցրած ծաղիկները ոչ օդային, ոչ ցամաքային ճանապարհով չենք կարողանում արտերկրում վաճառել, երկրից դուրս չի գալիս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ծաղկի արտադրությամբ զբաղվող գործարար կինը։
«Բերքը ստիպված հավաքում ենք, որ չծանրաբեռնվի ջերմոցը, երեկվանից տարել ենք վաճառքի, չի վաճառվել, հետ ենք բերել։ Այսօր նորից երեկոյան պետք է տանենք վաճառելու։ Ամեն տանել բերելը ահագին ծախս է։ Այս փոքր ջերմոցի համար, ամսական 200 հազար դրամի հոսանք ենք օգտագործում, ոչ մի կոպեկ չենք վաճառել, որ գոնե հոսանքի գումարը մուծենք։
Բացի այդ, վարկեր շատ ունենք, այսքան ջերմոցի համար 5 միլիոնից ավել վարկ ենք վերցրել, հովացման համար առանձին ենք վերցրել, որ հովացում քաշենք, եռաֆազի համար առանձին գումար ենք վերցնում։
Գյուղացին ամեն ինչը վարկով է անում, եթե հաջողվեց, եկամուտը եղավ, փակում ենք վարկը, իսկ եթե ոչ, գնում ենք, վերավարկավորում ենք անում, նորից վարկ ենք վերցնում, հաջորդ տարվա վարկն ենք փակում։
Օրինակ այս տարի շատ դժգոհ ենք, անցյալ տարի ծախսը մի քիչ հանում էր, մի քիչ էլ ընտանիքին էր բավարարում, իսկ այս տարի ընդհանրապես։
Հիմա երեկվա ծաղիկն այսօր էլի տարել ենք, կարող է ծախվի, բայց շատ չնչին գումարով՝ 20 հատը 200 դրամ, 300 դրամ։ Իսկ մենք ամեն բույսի համար 500 դրամ ենք վճարել, որ գնել ենք, բերել տեղադրել ենք, դրել ենք ջերմոցի մեջ։
Դրանից առաջ, եթե արտերկիր էր դուրս գալիս, էլի հատիկը 100 դրամ վաճառվում էր, այսինքն 20 հատը 2 հազար դրամ է։
Հիմա բոլորը խնդրի առաջ են։ Դեռ մերը չնչին է, իսկ մեծ ջերմոցատերերը ընդհանրապես չեն կարող վաճառել։
Եթե էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի բան չձեռնարկի, որոշել ենք ճանապարհը փակել։ Գոնե հասանելի լիի վարչապետին, որ ժողովուրդը այս դրության մեջ է»,– ասաց ջերմոցատեր կինը։
Նա նկատեց, որ հեռուստատեսությամբ հայտնել են, որ 7 կազմակերպություն կարող է ծաղիկ արտահանել Հայաստանից, բայց թե որ կազմակերպություններն են, ինքը չգիտի. «Մեր գյուղից, փաստացի, ոչ ոք չի ուղարկում։











