Այսօրվա միջոցառումը պատասխան է նրանց, ովքեր հույս ունեն հետապնդելով հեռացնել մեզ պայքարից՝ չգիտակցելով, որ յուրաքանչյուր հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում և ավելի հետևողական պայքար ենք մղելու ազգային արժեքների համար։ Այս մասին հուլիսի 15-ին Հայ Հեղափոխական Դանշակցության 12-րդ համահայկական երիտասարդական և ուսանողական հանրահավաքի բացման արարողության ժամանակ հայտարարել է դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ այսօրվա միջոցառումը պատասխան է բոլոր նրանց, ովքեր երկար տարիներ ամեն ինչ արել են սփյուռքի և Հայաստանի կապերը խզելու համար, բոլոր նրանց, ովքեր ՀՅԴ երիտասարդների անօրինական ձերբակալություններով հույս են ունեցել, որ կկարողանան նրանց կտրել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարից։ «Սա պատասխան է նաև նրանց, ովքեր կարծում են, թե հայ երիտասարդությունը հաշտվել է պարտությունների հետ, իսկ սփյուռքն անտարբեր է հայրենիքի նկատմամբ»,- նշել է Սաղաթելյանը։