Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից։ Նրանք ստիպված են աղբյուրներից ջուր վերցնել ու տանել տուն։

«Նեխած համ է գալիս ջրից, լուծ են ընկնում երեխեքը, ամեն Աստծու օր գալիս աղբյուրից ենք ջուր տանում»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը, ով մեծ ջրի տարաներով եկել էր աղբյուրից ջուր կրելու։

«Մենքկ ինձ համար չի, երկու հարեւաններիս համար էլ եմ տանում։ Առավոտյան էստեղ մեծ հերթեր են լինում աղբյուրի մոտ։ Նորագավիթում տենց ա, Խարբերդում տենց ա ջուրը։ Ով չի հավատում, թող գա Նորագավիթ, մի բաժակ ջուր տամ խմի։

Ոչ մեկը սրանով չի զբաղվում։ Խարբերդից մարդիկ բողոքեին, մարդիկ եկան, բայց ոչ մի բան էլ չեն ասում։ Ասում են՝ Գառնու ջուրը չկա, ստիպված էդ ջուրը ենք տալիս։ Արդեն մեկ ամիս է, որ ես ջուր եմ կրում»,–ասաց բնակիչը։

Մեկ ուրիշը, որ էլի հերթում սպասում էր, նշեց, որ գալիս է Էրեբունի մասիվից. «Ջուրն այնքան կեղտոտ է, որ տան ամանները լվանում ես, լրիվ լաքեք են մնում։ Երեխեքը խմում են ջուրը, փորները ցավում է, վատանում են։

Տարան դատարկելուց հետո տակը ինչ–որ նստվածք է մնում, չգիտենք՝ ինչ է։ Ընդհանրապես խմել չի լինում, ոնց  որ կոյուղի խառնված լինի հետը։ Ահավոր հոտ է գալիս։ Ամեն օր առավոտ, ամեն իրիկուն գալիս ենք ջուր տանելու։

Լողանալուց հետո էլ մաշկդ սպիտակում է։ չենք հասկանում՝ քլոր է, աղ է, թե կոյուղու ջուր է։ Մի բան հաստատ է, որ խմել չի լինում, գալիս ենք, էստեղից ենք տանում։ Էստեղի ջուրը լավն է, ասում են՝ Գառնու ջուրն է, բայց ես չգիտեմ»։

Նոր Արեշի մի բնակչուհի էլ ասաց, որ ինչ ամառը եկել է, այս խնդիրն առկա է. «Նաև աղիքային ինֆեկցիաներ կարող է առաջացնել այս ջուրը, պետք է այս խնդրին լուծում տալ ամեն դեպքում։ Երևի աղիքային հիվանդությունների համար քլորը են շատ խառնում։ Սոդայի ու քլորի համ է գալիս։ Կոֆե եփում ենք,  ռեակցիա է տալիս սոդայի հետ, տհաճ համ է գալիս։ Գնում ուրիշ տեղից ջուր ենք բերում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում