«ՏԿԵ նախարարությունը վերջին ամիսների ընթացքում մի քանի հմուտ մասնագետներով է համալրվել, ովքեր կարողանում են ոլորտում մեր քաղաքականությունը պատշաճ կերպով իրականացնել, նաև զուգահեռ աշխատում ենք փոխնախարարի հաստիքը համալրելու ուղղությամբ, կարծում եմ՝ առաջիկայում նորություններ կունենանք»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես են պատրաստվում ՀԷՑ–ը կառավարել, եթե անգամ ոլորտը կարգավորող փոխնախարար չեն կարողանում գտնել։
«Կադրերի համալրումը նախարարությունում շարունակվում է, այնպես որ կադրային այնպիսի խնդիրներ, ինչի հետևանքով համակարգը կտուժի, չունենք»,–հավելեց նախարարը։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ առաջիկայում փոխնախարարի պաշտոնում նշանակում կարվի, սակայն թեկնածուների անունները հրաժարվեց նշել։
Լրագրողի հարցին՝ հավաստի՞ են շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու ՀԷՑ–ի կառավարչի պաշտոնում, Խուդաթյանը հրաժարվեց պատասխանել, նշելով, որ մեկնաբանություն չունի։
Դավիթ Խուդաթյանը չմեկնաբանեց նաև տարածված լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատ էլ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։
«Հակոբ Սիմիդյանը ոչ միայն իմ գործընկերն է, այլև ընկերը։ Բայց այդ հարցի հետ կապված մեկնաբանություն չունեմ»,–ասաց նա։











