«Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցին վարկաբեկելով՝ մի իրավիճակ ստեղծել, որ չկան հեղինակություններ, չկան կարմիր գծեր ու ինքը կարող է անցնել բոլոր կարմիր գծերի վրայով»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն ունի այսօր Հայաստանում։
«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ նա ոչ մի բան չի մոռացել, ոչ մի բանից չի հրաժարվել, այդ թվում՝ եկեղեցին գրավելուց, հավատացեք, գալու է մի օր, երբ հասկանա՝ դա հարմար օր է, շոու է կազմակերպելու ու փորձելու է գրավել Վեհարանը, ինքն էլ առաջնորդելու է այդ արշավը դեպի եկեղեցի՝ ցույց տալով, որ ինքն, իբր, եկեղեցու դեմ չի պայքարում, այլ՝ կոնկրետ անձերի»,- ընդգծեց Վանեցյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչների կալանավորումներին, Վանեցյանն ասաց.
«Նպատակը մեկն է՝ լռեցնել այն մարդկանց, որոնք կարողանում են հասարակակական կարծիքի վրա ազդել, լռեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կկարողանան ինչ-որ մի կերպ հակազդել իշխանությունների հակահայկական օրակարգերին, իսկ մնացած բոլորին ուղղակի վախեցնել»։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին ինքն էլ էր ձերբակալվել Նիկոլ Փաշինյանի սպանությունը ծրագրելու կասկածանքով։
«Ձերբակալվեցի, մեծ աղմուկ բարձրացավ։ Վերջում պարզվեց, որ ընդհանրապես նման բան չկա, հեռախոսային խոսակցությունը մոնտաժված է, գործն էլ փակվեց»,–հավելեց Վանեցյանը։











