«ՀՀ–ն շատ փոքր է և դժվար է գտնել մարդու, որը կապ չի ունեցել կա՛մ նախկին, կա՛մ գործող իշխանությունների հետ։ Այդ տեսանկյունից մաքուր, նոր ուժ ստեղծելը, գուցե տեսականորեն հնարավոր չլինի, բայց կարծում եմ՝ նրանք կարող են հավաքել թիմ, այն սկզբունքներով, որոնցով պատկերացնում են։ Ես կարող եմ ասել, որ ցանկացած առողջ ուժի ձևավորմամբ մենք միայն ուրախ ենք և ողջունում ենք»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու որոշման մասին։
«Չնայած նրան, որ որոշ «ընդդիմադիրներ» այս ամբողջ ընթացքում պարբերաբար մեղադրանքներ էին հնչեցնում «Հայաստան» խմբակցության և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, և ասում էին՝ դուք զբաղեցրել եք ընդդիմադիր դաշտը և թույլ չեք տալիս, որ որևէ մեկը աճի և զարգանա... կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը կարող է իր օրինակով ցույց տալ, որ եթե որևէ մեկը ունի ցանկություն, ունակություն և կամք, ապա կարող է զբաղեցնել այն տեղը, որը իրեն է պատկանում»,–հավելեց նա։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ստեղծել նոր ուժ, որը, ինչպես իշխանությունն է պարբերաբար ասում, «չի ասոցացվի նախկին ղեկավարների հետ», Ագնեսա Խամոյանն պատասխանեց.
«Այս իշխանություններն արդեն նախկին են, և որևէ մեկին չեն կարող մեղադրել նախկին լինելու մեջ։ Հաջորդ ընտրությունների ժամանակ ակնհայտ է լինելու, որ նրանք այլևս նախկինի կարգավիճակ են ունենալու։ Ես կարծում եմ, որ ներկաների և նախկինների դիսկուրսն այլևս սպառված է»։
Պատգամավորը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության համար թիվ մեկ նպատակը ոչ թե ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնելն է կամ երկրի միանձնյա կառավարումն իրենց ձեռք վերցնելը, այլ գործող իշխանությունների հեռացումը։
«Ինչպես արդեն ասել է Ռոբերտ Քոչարյանը, քիչ հավանական է, որ մեկ ուժը կարողանա հեռացնել այս իշխանություններին, այսինքն քիչ է հավանականությունը, որ որևէ մեկը կարողանա 50 պլյուս ձայն հավաքել և ստանձնել իշխանությունը։ Այսինքն առավել հավանական է հետընտրական կոալիցիաների սցենարը։ Ես հուսով եմ, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կձևավորվի այնպիսի ուժ, որի հետ ոչ թե կլինեն մրցակցային հարաբերություններ, այլ առողջ համագործակցային հարաբերություններ՝ ոչ միայն այս շրջանում, այլև հետընտրական շրջանում։ Կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ուժը կարող է գրավել բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր հոգնել են քաղաքական դաշտի գործող դերակատարներից»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրավական գործընթացներով հնարավո՞ր է ճնշել գործարար Սամվել Կարապետյանին և ստիպել հրաժարվել քաղաքական ուժ ստեղծելու գաղափարից, Ագնեսա Խամոյանը ասաց.
«Այսինքն դուք՝ իշխանություններ, կարծո՞ւմ եք, որ Forbes–ի միլիարդատիրոջը կարող եք ճնշել մի հատ «Տաշիր Պիցցա» փակելով կամ ՀԷՑ խլելով։ Կարծում եք՝ այդպես կարո՞ղ եք ունեզրկմամբ սպառնալ Սամվել Կարապետյանին, դուք պատկերացնու՞մ եք Սամվել Կարապետյանի ունեցվածքի քանի տոկոսն են կազմում ՀԷՑ–ը, «Տաշիր Պիցցան» կամ Կրկեսը, երևի զրո ամբողջ մի քանի տոկոսը։ Սամվել Կարապետյանը չի հարստացել ՀՀ–ում, իսկ դա շատ կարևոր է մեր քաղաքացիների համար, ովքեր պիտի գնան ընտրություններին և ընտրեն որևէ մեկին»։











