Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչները, որոնք այսօր՝ հուլիսի 17-ին կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց, փակեցին հարակից փողոցը։ Նրանք պահանջում են, որ ի վերջո գործադիրը լուծի իրենց խնդիրը. վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն եւ ապահովեն բնակարաններով։ Նրանք հայտարարեցին, որ պահանջում են, որ վարչապետն իջնի ու իրենց պատասխան տա։
«Ասեղի անցքի չափով խիղճ ունեցիր, իջիր ներքեւ։ Մեր երեխեքի կյանքը վտանգված է։ Մեզ տուն չեն տալիս, որ երբ նոր ընտրություններ լինեն, նորից Ավինյան չեղածը ձայներ հավաքի։ Չի լինելու այդպես։ Ամեն վայրկյան վտանգված է իմ կյանքը, թող օր ու ժամով ինձ պատասխան տան»,–ասաց փողոցը փակած կանանցից մեկը։
Նշենք, որ վթարային շենքերում 182 ընտանիք է բնակվում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Շատերը առողջական խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել մշտական խոնավության պայմաններում ապրելու հետեւանքով։
Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը Վարդաշենի հանրակացարանի՝ 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, վթարային շենքերից նրանց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Այս տարի գարնանը, բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։











