Վարդաշենի 68 Ա և 66/1 հասցեներում գործող հանրակացարանների շենքերը փլուզման վտանգի ներքո են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին այդ շենքերում գնակվողները։

«Ես ապրում եմ առաջին հարկում, մեր շենքը տակից փլվում է, նամշահոտ է գալիս, ճաքեր կան։ Եկեք  գնանք նայենք անզեն աչքով, տեսեք որ ինչ վիճակ է իմ տանը։ Ես հիվանդ եմ, երրորդ կարգի հաշմանդամ եմ ու չեմ աշխատում ոչ մի տեղ։ Բազմաթիվ անգամ գնացել ենք քաղաքապետարան, դիմել ենք, մեզ վրա ծիծաղում են, շատ դժվար է, երբ մարդու աչքերին նայում ու ծիծաղում են, ձեռ են առնում։ Ընտրության ժամանակ գալիս են շողոքորթում են, ջան–ղուրբան են անում, բայց հենց ընտրվեցին, վերջ, մոռանում են»,–ասաց տարեց կինը։

մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ անձամբ հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ. «Հետո մենք նորից պահանջեցինք նոր հանդիպում, մեզ քաղաքապետարանում ասացին՝ պարոն Ավինյանը քաղաքացիների հետ չունի հանդիպում։ Ընտրության ժամանակ ուներ քաղաքացիների հետ հանդիպում, իսկ հիմա հանդիպում չունի՞։ Տունը փլվում է, ես հինգերորդ հարկում եմ ապրում, մենք տանիք։ Իմ տան գլխին ծառ է աճում, մեռանք մենք այդ ծառը կտրելով, տոլապատելով, կտոր-կտոր անելով։ Ծառը աճում է իմ տանիքի գլխին։ Ամեն վայրկյան վտանգի տակ ենք»։

Վարդաշենցիների ակցիան այսօր ավարտվեց։ Նրանք հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ  նոր փլուզումների են սպասվում. «Հենց հիմա տեխնիկա է աշխատում, տրակտորը եկել է և խողովակ անցկացնելու համար պետք է երեք հարկ փորի։ Բայց դրանից շենքն ամբողջությամբ ցնցումների մեջ է։ Երեք մետր փորելուց հետո այդտեղ էլ ոչինչ չի մնա»։

Նշենք, որ վթարային շենքերում 182 ընտանիք է բնակվում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Շատերը առողջական խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել մշտական խոնավության պայմաններում ապրելու հետեւանքով։

Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը Վարդաշենի հանրակացարանի՝ 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, վթարային շենքերից նրանց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Այս տարի գարնանը, բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։