Կոնկրետ գործերով կալանքի հետ կապված հարցերին մենք չենք կարողանում գնահատական տալ, քանի որ օրենքով հստակ սահմանափակում ունենք: Այն բոլոր դեպքերում, երբ որոշումը դատարանի կողմից է կայացվում, Մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չի կարող միջամտել կոնկրետ գործին և դատավորի լիազորությունների իրականացմանը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 17–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու դեպքին:
«Երբ ստանում ենք տեղեկատվություն, որ տեղի է ունեցել այսպիսի դեպք, որ ազատությունից զրկվել է կին, որն ունի անչափահաս երեխա, մանկահասակ երեխա, բնականաբար, մեզ համար սա կարևոր տեղեկատվություն է, որը պետք է դառնա մեր ուշադրության հիմնական առարկան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միաժամանակ պետք է հասկանալ՝ ազատությունից զրկված կանայք, որոնք ունեն անչափահաս երեխաներ, կան թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:
«Այս պարագայում մեր տեսանկյունից առաջին հերթին կարևոր է այն հարցը, թե ինչ պատճառով է դատարանը նման որոշում կայացրել: Թեպետ, անկեղծ պիտի լինեմ, նույնիսկ այս դեպքում մենք չենք կարող որոշումը հրապարակային քննարկել, որովհետև արգելք ունենք սահմանված»,- ասաց նա՝ խոստանալով, որ փորձելու են իրավունքների պաշտպանություն իրականացնել՝ այլ գործիքակազմեր կիրառելով:
Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ երբ ձեռքի տակ չկա դատարանի որոշումը, կալանքի հարցին չեն կարող անդրադառնալ:
«Հետևաբար, այս պահի դրությամբ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնց կարող ենք անդրադարձ կատարել: Բնականաբար, հետագայում խոսելու ենք այն բոլոր խնդիրների մասին, որոնց հետագա փուլերում կարող ենք անդրադառնալ»,- ասաց նա:
ՄԻՊ-ը նաև տեղեկացրեց, որ Աբովյան ՔԿՀ-ում կա ազատությունից զրկված կին, որն իր երեխայի հետ է պատիժը կրում, միաժամանակ խնդրեց երեխային խոցելի չդարձնել տեսանյութերի տարածման միջոցով:
ՄԻՊ-ն ընդգծեց, որ դեպքի առթիվ այց է իրականացվել իր աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բժիշկ, հոգեբան և համապատասխան ոլորտների այլ մասնագետներ։
«Համապատասխան անձանց հետ մենք ունեցել ենք հաղորդակցություն՝ տարբեր հարցերի շուրջ։ Այդ ընթացքում ոչ միայն ինֆորմացիա ենք ստացել, այլև տրամադրել ենք անհրաժեշտ տեղեկատվություն՝ կապված նրանց իրավունքների հետ։ Միաժամանակ մի շարք հարցեր արդեն իսկ լուծում են ստացել»,- ասել է պաշտպանը։
Մանասյանը նշեց, որ անձամբ դեռևս չի այցելել, քանի որ ունեին պատվիրակություն ԵՄ անդամ պետություններից մեկից: Նա հավելեց, որ ապագա այցերի վերաբերյալ կտրամադրվի հրապարակային տեղեկություն:
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:
Ավելի վաղ դեպքի հետ կապված ՀՀ օմբուդսմենը հայտարարություն էր տարածել, որ քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը նրա անմիջական ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ:
Հիշեցնենք, որ 3 անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը դատարանի որոշումից հետո նիստերի դահլիճից տեղափոխվել էր Աբովյան քրեակատարողական հիմնարկ 8 ամսական դստեր հետ: Կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար։ Ըստ մեղադրանքի՝ կինն աջակցել է Հնդկաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիայի կազմակերպմանը։ Դատական մարմինները նրա նկատմամբ կալանք կիրառելու որոշում են կայացրել այն բանի հիման վրա, որ կինը բացակայել է դատական նիստերից մեկից։











