Մեր տարածաշրջանում ՀՅԴ–ի պես ազգային, սկզբունքային, համահայկական կազմակերպության գործունեությունը բնականաբար շատերին հանգիստ չի տալիս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել ՀՅԴ–ն փակելու հնարավորությունը՝ նշելով, որ  իրավական գործընթացները դա ցույց կտան։

«Դաշնակցության գոյության 135 տարվա ընթացքում տարբեր սուլթաններ, կայսրեր, ուժեր փորձել են կասեցնել Դաշնակցության գործունեությունը, չեն կարողացել և չի ստացվելու, այդ թվում նաև Հայաստանում անկախության առաջին շրջանում ՀՀՇ–ական իշխանության օրոք։ Չեն կարողացել և չեն կարողանում, որովհետև Դաշնակցությունը նախ մեր էությունն է, կենսագրությունն է, Դաշնակցությունը գաղափարախոսություն է։ Դաշնակցությունը ստեղծվել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը կազմակերպելու, հայ մարդուն թշնամու արշավանքներից պաշտպանելու համար։ Մեզ կարող են բանտարկել, կասեցնել, բայց փակել Դաշնակցությունը չեն կարող, հետևաբար, մենք ցանկացած զարգացման և ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Այն, ինչ արվում է Դաշնակցության դեմ, դա նոր չէ։ Ակնհայտ է, որ անցնող վեց-յոթ տարիների ընթացքում փորձել են և քարոզչությամբ, և տարբեր բռնություններով այդ աշխատանքը անել, բայց կոկորդներին է մնալու, չի ստացվելու։ Դաշնակցության փակողները հիմա ու՞ր են, բայց Դաշնակցությունը կա և լինելու է։

Մեզ համար շատ հասկանալի է այս այս հարձակումը ՀՅԴ–ի, եկեղեցու, ազգային բարերարի դեմ։ Ինքը եկեղեցին էլ է ուզում փակի։ Այսօր այդ երիտթուրքերը պատրաստվում են արշավել Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա։

Իրենք դա փորձելու են, մենք էլ ոչ էլ պաշտպանելու ենք, այլ ընդունելու ենք այդ հարվածները և նաև ճիշտ պահին հարվածելու ենք»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով, նիկոլ Փաշինյանը կապ չունի քրիստոնեության հետ, ինչքան էլ սաղմոսներից մեջբերումներ անի. «Չի կարող հայ քրիստոնյան կազմակերպել և առաջնորդել եկեղեցու դեմ արշավանք, սա երիտթուրքական արշավանք է եկեղեցու դեմ։ Ինչն ի՞նչ կապ ունի քրիստոնեության և առհասարակ մեր հայկական ինքնության հետ։ Մնացածը փաթեթավորման հարց է»։

Ընդդիմադիր գործչի խոսքով ամենամեծ ողբերգությունն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մինչ օրս պահում է իշխանության. «Հայաստանում հերոսին սարքում են դավաճան, դավաճանին սարքում են հերոս, պարզ քաղաքացին, ով պաշտպանում է իր ժողովրդի իրավունքներըմ  անմիջապես դարձնում են ահաբեկիչ, իսկ թուրքական գործակալները վախտում են Հայաստանում, արդեն ներթափանցել են նաև իմ տպավորությամբ ուժային կառույցներ։ Ժողովրդի և պետության հետ տեղի է ունենում դենացիոնալիզացիայի ծրագիր»։