Այսօր Շառլ Ազնավուրի արվեստի և նրա գնահատականի ամենամեծ վկայությունը այն է, որ չնայած ամառվա այս տապին, այս հրապարակը մարդաշատ է, և կարծում եմ՝ առաջին հերթին սերն է, որ մարդկանց բերել է այս հրապարակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին, Երեւանում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սերն է, որով կարելի է բնորոշել նաև Ազնավուրին և նրա ամբողջ կյանքը, նրա ամբողջ արվեստը, որովհետև կարծում եմ՝ ցանկացած դրվագում, ցանկացած իրավիճակում և ցանկացած ստեղծագործության մեջ այդ սերը լցված է երաժշտության մեջ, լցված է տողերի մեջ, լցված է առ մարդիկ ունեցած ուշադրության մեջ։
Եվ այսօր նաև մենք այդ սերը նյութականացնելու և մարմնավորելու ևս մի հնարավորություն ենք ստանում այստեղ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որը առաջին հերթին մշակութային հրապարակ է։ Այս հրապարակը Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձանը ունենալը շատ ներդաշնակ և տրամաբանական է։
Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այդպես էլ Ազնավուրն իր ամբողջ գործունեությամբ շարունակում է միավորել մեզ, և սա թերևս ամենամեծ գնահատականն է, որ կարելի է ունենալ։
Ազնավուրի մասին կարելի է երկար խոսել, և պարոն քաղաքապետը իր խոսքում նշել մի շարք շատ կարևոր հանգամանքներ, սակայն կարծում եմ նաև, որ Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը առանձնահատում է մի բանով. նա ամեն մի հայի առանձնահատուկ հարազատ է։
Շատ հազվադեպ է լինում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության այդ զգացումը ունենան և այդ զգացումով լցված լինեն մեկի հանդեպ, ում գուցե կյանքում կյանքում երբեք չեն հանդիպել։ Այդ հարազատությունը դարձնում է առանձնահատուկ նաև մեր վերաբերմունքը արձանին։
Մեզնից յուրաքանչյուրն ունի Ազնավուրի իր պատկերը, որովհետեւ մենք Ազնավուրի երգերի տակ սիրահարվել ենք, ուրախացել ենք, տխրել ենք, մեր կյանքի տարբեր իրավիճակներ ենք ապրել, եւ վստահ եմ, որ արձանը նաև այս տեսանկյունից հետաքրքիր քննարկում կբերի, որովհետև Ազնավուրին կարելի է պատկերել տարբեր ձևերով, բայց պատկերել է հենց այսպես»,– ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ Ազնավուրի 100–ամյակի առիթով կառավարությունը ձևավորել է հոբելյանական հանձնաժողով և ընտանիքի հետ միասին շատ կարևոր միջոցառումներ են իրականացվել. «Հուսով եմ, որ արձանի բացմամբ մենք նաև կկարողանանք ամփոփել մեր ամփոփել մեր գնահատանքը, նվիրվածություն ու սերը առ մեծ արվեստագետը, առ մեծ մարդը»։











