«Ակնհայտ է, որ քաղաքական խոսքի համար օրվա իշխանությունը հերթական անգամ օգտագործում է իր լծակները»։ Այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  խոսելով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի և դատարանում քննվող կալանքի միջնորդության մասին։

«Բոլորին է հայտնի Ռուբեն Հակոբյանի՝ որպես քաղաքական գործչի քաղաքական սուր խոսքը, և դա գնահատելի է։ Ռուբեն Հակոբյանը հստակ արձանագրել է, որ եթե Սահմանադրությունը խախտող անձը չի կատարում Սահմանադրության կարևորագույն պահանջը՝ չի տալիս հրաժարական, ավելին՝ բռնություններով պահում է այդ իշխանությունը, ապա վրա է հասնում ժողովրդի կողմից իշխանությունը ստանձնելու սահմանադրական պարտականությունը։ Հակոբյանը խոսում է որպես ժողովրդի մի մաս, և ասում է այն, ինչ վերապահված է ժողովրդին։ Ժողովուրդը պետք է վերցնի իշխանությունն այն անձից, ով յուրացնում է այդ իշխանությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը յուրացնում է իշխանությունը»,–ասաց Մինասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: