Ռոմանոս Պետրոսյանի հետ եկած անձինք իմ կարծիքով իրավունք չունեին շենք մտնել, այն էլ առանց գրանցման։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ես իրավունք չունեմ արգելելու, եթե ես լինեի ժամանակավոր պաշտոնակատար, ես թույլ չէի տալու, գոնե պետք է գրանցվեին։ Քրեաիրավական գնահատական չեմ ուզում տալ, բայց հաշվի առնելով, որ ռազմավարական օբյեկտ է, գոնե պետք է անուն-ազգանունները նույնականացումով, մատյանում գրանցվելով բարձրանային վերև։

Ես ոչ մեկին չեմ ճանաչում։ Այնտեղ տարբեր ասեկոսեներ են, մեր կողմից ազատված մարդիկ են ներգրավվում ամեն մեկին ինչ-որ ձևով։ Հիմա կլինեն կադրային նշանակումները, դուք ձեր կարծիքները կասեք։

ինչ վերաբերում է շենք ներս չթողնելուն, ես կարծում եմ, որ ՀԷՑ–ը իր վերջին 10 տարվա գործունեության ընթացքում, ի պատիվ տիկին Սարջանյանի,  լրատվամիջոցների հետ կապված որևիցե մեկս խնդիր չենք ունեցել։ Հիմա ինչի եք դուք այստեղ արևին կանգնած և շենքում չեք։ Առավոտյան բացատրել եմ՝ նա արդեն կառավարիչ է և ինքը պետք է թույլ տար, գումարած դրան շատ գեղեցիկ ձևով մանիպուլացվելու էր, որ մենք ենք ձեզ հրավիրել։

Ես ասացի՝ մեզ ներող եղեք, բայց մենք չենք թույլ տվողը, հիմա արդեն թույլ տվողը էստեղ է։ Հիմա ինչի՞ եք դուք արևի տակ կանգնած, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,–ասաց նա։

Լրագրողներն առաջարկեցին իրենց ուղեկցել իր աշխատասենյակ, ինչին Ղազինյանն ասաց, որ կարող են փորձ անել, բայց դա կկանխվի. «Պրովոկացիա անեմ, որ ի՞նչ։ Ուզում ես ինձ շուտ տանե՞ն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: