Պարոնայք, գեներալներ, սպաներ, սիրելի ծնողներ, հարգելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, սա այն օրն է, երբ հերթական սպայական փաղանգը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր։ Այս մասին այսօր՝ ՝ հուլիսի 21–ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք այսօր ստացել եք առաջին սպայական պատվաբեր կոչումը, ինչը ըստ իս ամենաբարձր ու առաքինի կոչումն է մերօրյա Հայաստանում։ Այս պատվաբեր դերակատարումը մեծ պարտավորություն է դնում յուրաքանչյուրիդ ուսերին։

Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ ու յուրաքանչյուրիդ ընտանիքի անդամներին՝ այս որոշումը ընդունելու համար։ Տարիներ առաջ դուք որոշել եք դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի կարևոր մասնիկը։ Այսօր արդեն դուք դառնում եք այդ կարևոր համակարգի, հրամկազմի, կարևոր օղակ։

Իհարկե, հեշտ չի ճանապարհը։ Դժվարությունները շատ են, բայց նաև այն գիտելիքները, որ դուք ամբարել եք այս տարիների ընթացքում, մեծապես օգնելու է ձեզ այդ դժվարին ճանապարհին։ Յուրաքանչյուր սպա, գեներալ, որ կանգնած է այս հրապարակում, իմացեք մշտապես կանգնած է ձեր թիկունքին՝ ձեր առաջընթացը, ձեր մասնագիտական որակը բարձրացնելու գործում ապահովելու համար։

Ես չափազանցած չեմ լինի ասել, որ իրականում այս տղաների ու աղջիկների խումբը, որ մտնում են զինված ուժեր որպես կայացած սպաներ, իրենց ուղերձն են տանում ռազմական ակադեմիայից, որտեղ նոր կրթական համակարգով նախկինում եղած փորձի բովով անցնելուց հետո դուք ձեր փորձը պիտի փոխանցեք մեր զինվորներին, ձեր ենթակա անձնակազմին։

Սերժանտական համակարգի ներդրումից հետո, իհարկե, դասակի հրամանատարի դերակատարումը էապես փոխվելու է, բայց այստեղ չի պակասելու ձեր պատասխանատվությունը։ Շատ կարևոր է ձեր գիտելիքները ու այդ գիտելիքների հիման վրա ստեղծագործական միտքը անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին անսասան պահելով մեր հայրենիքի սուրբ սահմանները»։